00:00:00

Փաստաբանը միջնորդում է իրեն կալանավորել

00:40, 18 օգոստոս 2021 Հասարակություն

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը միջնորդում է իրեն կալանավորել։ Վերջինս ամբաստանյալի աթոռին է հայտնվել «Facebook» սոցիալական ցանցում  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին  իր անձնական կարծիքն  արտահայտելու համար։ Մուշեղ Շուշանյանի միջնորդության համար հիմք հանդիսացավ այն հանգամանքը, որ դատարանը որոշեց առանց քննության թողնել ընտրված խափանման միջոց՝ ստորագրությունը փոխելու միջնորդությունը։  Քննիչը խափանման միջոց ընտրելիս որոշել է՝ Մուշեղ Շուշանյանը կարող է նոր հանցագործություն կատարել։ Ամբաստանյալի աթոռին հայտնված փաստաբանն էլ հայտարարեց՝ այսօր երեկոյան նոր գրառում է կատարելու, ուստի պետք է փոխել իր խափանման միջոցը՝ նոր հանցագործությունը կանխելու նպատակով։ Մինչ այդ, Մուշեղ Շուշանյանը հայտարարել էր, որ այս գործով հանցակազմի առերեւույթ բացակայությունն ակնհայտ է։  Իսկ իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը կամային բնույթ է կրում։ Շուշանյանը շարունակում է պնդել, որ Արցախյան պատերազմում դավաճանություն է տեղի ունեցել եւ որեւէ մեկը չի կարող սահմանափակել իր ազատ արտահայտվելու իրավունքը։ Իսկ Մուշեղ Շուշանյանի պաշտպան Արթուր Գրիգորյանը միջնորդեց քրեական գործի վարույթը կարճել, հանցակազմի առերեւույթ բացակայության հիմքով։ Սակայն դատավոր Վաչե Մարգարյանը որոշեց՝ այս փուլում միջնորդությունը թողնել առանց քննության։ Հիշեցնենք, որ  Մուշեղ Շուշանյանը 2020 թվականի դեկտեմբերի 13-ին կատարել է  հետևյալ բովանդակությամբ գրառումը․ «Կիկոլին դատելը միգուցե ցանկալի կլիներ՝ դավաճանության լիարժեք պատկերը ստանալու առումով, բայց նրան դատելն անիրատեսական է: Կիկոլի մահավճիռը կայացված է, մահապատիժը պետք է ի կատարածվի: Ու նա նույնիսկ արժանի չէ թալեաթի պես արժանապատիվ շանսատակ արվելուն՝ նրա ու նրա պիղծ ընտանիքի պատիժը լինելու է անգութ, դաժան և արդար»։ Իսկ 2020 թվականի դեկտեմբերի 14-ին գրել է․ «Սա ավելի վտանգավոր թշնամի ու թուրք է, քան ամենաիսկական թուրքը: Նա վտանգավոր է քան էնվերը, թալեաթը, աթաթուրքը: Սա թուրքերի կողմից ներդրված «ական» է՝ Հայոց ցեղասպանությունն ավարտին հասցնելու և հայության վերջին ծվենների ոչնչացման զենք: Ուստի սա ու սրա պիղծ ընտանիքը ենթակա են ոչնչացման: Սատկացրեք սրան, Հայեր»՝ նշված կոչի ներքևի հատվածում տեղադրելով ՀՀ վարչապետի նկարը: Մուշեղ Շուշանյանի պաշտպան Արթուր Գրիգորյանը պնդում է՝ առաջադրված մեղադրանքը չի համապատասխանում արարքի հատկանիշներին։ Դատական նիստը կշարունակվի հոկտեմբերի 18-ին։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր