00:00:00

ՏԿԱԵ նախարարը ճանաչողական այց է կատարել Քաղավիացիայի կոմիտե և «Զվարթնոց» օդանավակայան

23:56, 13 օգոստոս 2021 Հասարակություն

Նախարար Գնել Սանոսյանը ճանաչողական այց է կատարել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե և «Զվարթնոց» օդակայան: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է ՀՀ ՏԿԵՆ քաղաքացիական ավիացիայի կոմիտե և «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ, այնուհետև շրջայց է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ ՀՀ ՏԿԵ նախարարը քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի և Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մասնակցությամբ հանդիպել է կոմիտեի ղեկավար աշխատակազմի հետ, ներկայացրել ոլորտի հետագա զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքի վերաբերյալ իր մոտեցումները։ Ողջունելով ՔԱԿ անձնակազմին՝ Գնել Սանոսյանը համոզմունք է հայտնել, որ արդյունավետ համագործակցության միջոցով հնարավոր կլինի առկա խնդիրների վերհանման և հետագա մարտահրավերների կանխատեսման և հաղթահարման ուղղությամբ հաջողությունների հասնել, և այդ առումով կարևորել է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմի մասնագիտական բարձր ներուժը։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ՏԿԵ նախարարին ներկայացրել է իր ղեկավարած կառույցի իրականացրած և շարունակվող աշխատանքները, ոլորտի զարգացումները, ինչպես նաև առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները։ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում նախարար Գնել Սանոսյանը գլխավոր տնօրեն Արթուր Գասպարյանի և ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ ծանոթացել է ՀՀ օդային տարածքում օդանավերի աերոնավիգացիոն սպասարկման, մասնավորապես օդային երթևեկության կարգավարական և աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովման համակարգերին ու գործառույթներին, կառույցի տեխնիկական հագեցվածությանը, հետևել է անձնակազմի աշխատանքին։ ՏԿԵ նախարարն այնուհետև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի և ոլորտի մյուս պատասխանատուների ուղեկցությամբ ճանաչողական շրջայց է կատարել ժամանման, մեկնման սրահներում, ուղևորների նստեցման և սպասարկման հարակից գոտիներում, ծանոթացել է նաև օդանավակայանի անվտանգության կառավարման կենտրոնի աշխատանքին։ Մարսելո Վենդեն նախարար Գնել Սանոսյանին ներկայացրել է օդանավակայանի ուղևորահոսքերի սպասարկման և դրանց ծավալների ավելացման ուղղությամբ ընկերության կողմից իրականացվող և նախատեսվող աշխատանքները, ինչպես նաև տեղեկացրել է կորոնավիրուսային համավարակի հետևանքով ուղևորների սպասարկման կազմակերպման դժվարությունների մասին։ Մարսելո Վենդեն և ՀՀ ՏԿԵ նախարարը մասնավորապես անդրադարձել են օդանավակայանի սպասարկած ուղևորահոսքերի հեռանկարային աճի պայմաններում օդանավակայանի սպասարկման սրահների ընդլայնման և համապատասխան ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտության և այդ ուղղությամբ ոլորտի պետական գերատեսչության ու օդանավակայանի կառավարիչի միջև հետագա գործակցության վերաբերյալ հարցերին։ Շրջայցի ավարտին Գնել Սանոսյանը այցելել է «Զվարթնոց» օդակայանի հին մասնաշենք, որտեղ քննարկվել է պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցի պահպանման և հնարավոր օգտագործման տարբերակների, ինչպես նաև օդանավակայանի զարգացման համար ենթակառուցվածքների հետագա ընդլայնման հնարավորությունների ուղղությամբ հավասարակշռված լուծումներ գտնելու հարցը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր