00:00:00

Դատարանը բավարարել է Երևանի ավագանու անդամի նկատմամբ սպանության փորձ կատարած անձին կալանավորելու միջնորդությունը

00:19, 07 օգոստոս 2021 Հասարակություն

Դատարանը բավարարել է Երևանի ավագանու անդամի նկատմամբ սպանության փորձ կատարած անձին կալանավորելու միջնորդությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում՝ Երևան քաղաքի ավագանու անդամ Արման Անտոնյանին և նրա պապին ծեծի ենթարկելու, նրանց նկատմամբ սպանության փորձ կատարելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և այլ դատավարական գործողությունները, ինչպես նաև՝ օպերատիվ հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումները: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2021թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անձինք ապօրինի մուտք են գործել Ա.Անտոնյանի՝ Նոր Արտամետ համայնքում գտնվող բնակարան, հարձակվել նրա վրա, կտրող-ծակող և բութ առարկայով հարվածներ հասցրել վերջինիս կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգանների հատվածում և փորձել դիմել փախուստի, սակայն հանդիպելով Ա.Անտոնյանի՝ 87-ամյա պապի դիմադրությանը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը կտրող-ծակող առարկայով հարվածներ էր հասցրել նաև տարեց տղամարդուն: Քննությամբ պարզվել էր առերևույթ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, որը Երևան քաղաքի 30-ամյա բնակիչ է: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ վերջինս ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ, 147-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով որպես մեղադրյալ է ներգրավվել, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այսօր դատարանը բավարարել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: 30-ամյա տղամարդուն հայտնաբերելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած երկրորդ անձի ինքնությունը պարզելու, նրանց վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ իրականացվող ակտիվ միջոցառումները շարունակվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր