Պետական նախարարը շրջել է առանձին բաժանմունքներով, հետաքրքրվել հիվանդանոցի ծանրաբեռնվածության աստիճանով, հրատապ լուծումներ պահանջող խնդիրներով և ադրբեջանական հրթիռակոծությունների հետևանքների վերացման աշխատանքներով: Այցի ընթացքում գլխավոր տնօրեն Մհեր Մուսայելյանը ներկայացրել է հակիրճ տեղեկատվություն յուրաքանչյուր բաժանմունքում բուժվող հիվանդների քանակի, նրանց առողջական վիճակի, հիվանդանոցում առկա մահճակալային ֆոնդի, կորոնավիրուսային վիճակի, բուժսարքավորումներով հագեցվածության վերաբերյալ:
Խոսելով ընթացիք աշխատանքների մասին՝ Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ հիմնարար բարեփոխումներ են նախատեսվում ոլորտում, որոնց արդյունքները կարճ ժամանակահատվածում տեսանելի կլինեն և՛ բուժաշխատողների, և՛ քաղաքացիների համար: Նա կարևորել է կանխարգելիչ առողջապահության ուղղությամբ իրականացվելիք ծրագրերը, բնագավառում նոր մասնագետների ներգրավումը, բժշկական ապահովագրության ներդրման անհրաժեշտությունը, ինչպես նաև բուժաշխատողների շարունակական վերապատրաստմանը, բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացմանն ուղղված աշխատանքները, որոնց շրջանակներում էլեկտրոնային համակարգի կիրառմամբ զգալիորեն կնվազի անհարկի վարչարարությունը:
«Կցանկանայի համատեղ վերհանել ընթացիք խնդիրները, որոնք խոչընդոտում են ձեր աշխատանքներին: Վստահ եղեք՝ համալիր լուծումներ ենթադրող հարցերում առանցքային նշանակություն է ունենալու ձեր կարծիքներն ու առաջարկները»,- հանդիպման ընթացքում նշել է Ա. Բեգլարյանը: