00:00:00

ՆԶՊ առարկայի հանրապետական օլիմպիադայում հաղթող է ճանաչվել Արցախի թիմը

01:39, 10 հուլիս 2021 Լեռնային Ղարաբաղ

2021 թվականին տեղի ունեցած «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դպրոցականների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ: ՆԶՊ առարկայի օլիմպիադան անցկացվում է ոչ թե անհատական, այլ թիմային ձևաչափով: Օլիմպիադային մասնակցել է 12 թիմ՝ ՀՀ բոլոր մարզերից, Երևանից և Արցախից, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված է 7 մասնակից: Մրցույթում մի քանի տարի անընդմեջ հաղթող է ճանաչվում Արցախի թիմը: Այս տարին ևս բացառություն չէր. օլիմպիադայում առաջին կարգի դիպլոմի են արժանացել Արցախի, երկրորդ կարգի՝ Լոռու, իսկ երրորդ կարգի՝ Տավուշի մարզերի թիմերը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել է վերոնշյալ օլիմպիադաներում հաղթած և անվանական կրթաթոշակի արժանացած սովորողների ցանկը: Հիշեցնենք, որ անվանական կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի: Ըստ այդմ՝ եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցանկում, ապա նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ: Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ: Սովորողներին խրախուսելու նպատակով սահմանված անվանական կրթաթոշակի նոր կարգը գործում է 2020 թ. հունվարի 1-ից:
Առարկայական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են հետևյալ կրթաթոշակները. 1․ միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝ առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 25000 դրամ, երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 20000 դրամ, երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15000 դրամ, եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներին՝ ամսական 10000 դրամ, 2․ միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա և այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝ առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15000 դրամ, երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10000 դրամ, երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7500 դրամ, 3․ ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ)՝ առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10000 դրամ, երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7500 դրամ, երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 5.000 դրամ։ երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 5.000 դրամ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր