ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ նախ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և պարոն Վարհեի առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով:
Նիկոլ Փաշինյանը ողջունել է հանձնակատարի գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր և նշել, որ այս այցը դիտարկվում է որպես ԵՄ-ի շահագրգռվածություն` զարգացնելու համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ: «Հայաստանը նույնպիսի հետաքրքրվածությամբ է տոգորված զարգացնելու հարաբերությունները ԵՄ-ի հետ»,- ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանի խոսքով` Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված ճգնաժամից հետո մեր երկրում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք միջազգային դիտորդների գնահատմամբ համապատասխանել են ժողովրդավարական չափանիշներին: «Ըստ էության, մեր երկրում առաջին անգամ է, որ ժողովրդավարական պրոցեսները դարձան ճգնաժամի հաղթահարման միջոց, քանի որ սովորաբար Հայաստանում ընտրությունները հարուցել են ճգնաժամեր: Այսպիսով, մեր երկրում մի շատ կարևոր ինստիտուտ է կայացել` դա ընտրությունների ինստիտուտն է, ինչը նաև Եվրամիության աջակցությամբ է տեղի ունեցել»,- նկատել է Նիկոլ Փաշինյանը: