Կառավարության ոսկեզօծ դահլիճում Նիկոլ Փաշինյանը շարունակում է ընդունելությունները։ Հանրապետության հրապարակ են շտապում խորհրդարանական ընտրություններին մասնակցած և անցողիկ շեմը չհաղթահարած քաղաքական ուժերի առաջնորդները։ Ընդ որում,Փաշինյանի ընդունելությանն են ձգտում և արժանանում նաև նրանք, որոնք դեռ օրեր առաջ վարչապետի պաշտոնակատարի ակտիվ քննադատն էին։
«Թունդ» ընդդիմադիրները Փաշինյանի ձեռքն են սեղմում, ոմանք նաև գլուխ խոնարհում, իհարկե լուսանկարվում, որին կից էլ կառավարության լրատվականը նույն բովանդակությամբ տեքստեր է տարածում։ Ուշագրավն այն է, որ Կառավարության շենքում Նիկոլ Փաշինյանի ջերմ ընդունելության են արժանացել նաև այն քաղաքական գործիչները, որոնք գործադիրի ղեկավարին դավաճան ու կապիտուլյանտ էին անվանում, պահանջում վերջինիս հրաժարականը։ Սակայն փորձը ցույց է տվել, որ Հայաստանում քաղաքական գործիչներն ու ուժերը միշտ հանդես են եկել որպես «թունդ ընդդիմություն» այնքան ժամանակ, քանի դեռ չեն մտել իշխանություն, կամ չեն հայտնվել իշխանության օրակարգում։
Նախկինում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գնացած ընդդիմադիրներին անխնա դատափետում էին, տարբեր պիտակներ կպցնում՝ «Սերժի հաճախորդ», «Սերժի հարեմ», ծաղրում ու տարիներ շարունակ երեսով տալիս։ Դա ակտիվորեն անում էր նաև Նիկոլ Փաշինյանը։ Բաղրամյան 26 գնացած բոլոր քաղաքական ուժերը պիտակավորվում էին։
«Հաճախորդները» նույնն են մնացել, ընդունելություն կազմակերպողն է փոխվել։ Ընտրություններ կազմակերպելով Նիկոլ Փաշինյանը պարզապես երկարաձգեց իր պաշտոնավարումը։ Նրա այս խաղին մասնակից դարձան բոլորը, բոլոր նրանք, որոնք հանդես էին գալիս արմատական ընդդիմության դիրքերից։ Առայժմ միայն որոշ քաղաքական ուժեր չեն հանդիպել Փաշինյանի հետ, բայց ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասել` ապագա կա, հետեւաբար որեւէ մեկը չի կարող բացառել, որ ապագայում նրանց ևս կտեսնենք Նիկոլ Փաշինյանի հետ նույն սեղանի շուրջ նստելուց և «կարևորագույն» հարցեր քննարկելուց։
Ու ինչպես միշտ կստացվի այնպես, որ աթոռավազքի մրցույթում ժողովուրդը դարձյալ կմնա հանդիսատեսի կարգավիճակում, կմնա ձեռնունայն ու հիասթափված։
Irakanum.am