00:00:00

«Ադրբեջանական կրակոցներն ուղղված են եղել ՀՀ Զինված ուժերի դեմ, եղել են տարբեր տրամաչափի զինատեսակներից, ինտենսիվ և տևել են շուրջ 30 րոպե». ՀՀ ՄԻՊ

03:36, 07 հուլիս 2021 Հասարակություն

Վերին Շորժա գյուղի մոտ ադրբեջանական զինված ուժերի երեկվա կրակոցներն ապացուցում են, որ ինքնին նրանց ներկայությունը ՀՀ սահմանային գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է: Այս մասին գրում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հարևանությամբ ադրբեջանական 2021թ. հուլիսի 5-ի կրակոցների հետ կապված՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է, որ խոսքը նրանց տեղակայման այն դիրքերից կրակոցների մասին է, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ այդ տարածքները Վարդենիս համայնքի արոտավայրերն են, որտեղ նաև գտնվում են մարդկանց բնակության վայրերը՝ սարատեղիները: Գարնան, ամառվա և աշնան ամիսներին այդ սարատեղիներում մարդիկ բնակվում են ընտանիքներով, այդ թվում՝ երեխաների հետ, և զբաղվում են անասնապահությամբ: Այդ վայրերում են համայնքների բնակիչները զբաղվում նաև հողագործությամբ: Ադրբեջանական կրակոցների պատճառով քաղաքացիական բնակիչներն նշված տարածքները կա՛մ ընդհանրապես չեն կարողանում օգտագործել, կա՛մ օգտագործումը խիստ սահմանափակված է: Ընդ որում, այդ տարածքների նկատմամբ համայնքների բնակիչներն ունեն ՀՀ իրավասու մարմինների օրինական փաստաթղթերով հաստատված իրավունքներ: Ըստ պարզված տվյալների՝ ադրբեջանական կրակոցները տեղի են ունեցել հուլիսի 5-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ուղղված են եղել ՀՀ Զինված ուժերի դեմ, եղել են տարբեր տրամաչափի զինատեսակներից, ինտենսիվ և տևել են շուրջ 30 րոպե: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է նաև, որ կրակոցները պարզ լսվել են սարատեղիներում և Վերին Շորժա գյուղում: Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինծառայողների այս պարբերական դարձած կրակոցներն իրական վտանգ են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի ու առողջությամբ համար: Ադրբեջանական զինծառայողները նույնատիպ արարքներ (կրակոցներ, կենդանիների գողություններ, խոտքաղ իրականացնելու խոչընդոտներ և այլն) պարբերաբար կատարում են թե՛ Գեղարքունիքի, թե՛ Սյունիքի համայնքների հարևանությամբ կամ բնակիչների նկատմամբ: 2021թ. հուլիսի 5-ի կրակոցները ևս մեկ անգամ ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի մարզի համայնքների միջև ճանապարհներին առաջնահերթ ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է: Այդ արարքներն ուղղված են նաև ՀՀ բնակիչներին սեփականության և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն: Խոսքը միջազգայնորեն ճանաչված և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների մասին է: ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների համար անվտանգության ակնհայտ խնդիր լինելուց բացի, այս արարքները նպաստում են բնակիչների սոցիալական խնդիրների խորացմանը: Ադրբեջանական կրակոցների փաստը այսօր նաև պաշտոնական հայտարարությամբ հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ ադրբեջանական կողմի հրահրած հրաձգության արդյունքում թեթև վնասվածք է ստացել ՀՀ զինծառայող: Հրապարակումներ են եղել նաև լրատվամիջոցներում: Արման Թաթոյան, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր