00:00:00

«Հույս ունեմ, որ մեր համագործակցությունը կշարունակենք նոր ծավալներով». Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

00:19, 01 հուլիս 2021 Հասարակություն

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին  տեղեկանում ենք  ՀՀ կառավարությունից: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մեր երկրում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններով Հայաստանը մտնում է նոր շրջափուլ, որում շատ կարեւոր են միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից հնչեցված բարձր գնահատականները ընտրությունների որակյալ անցկացման ու արձանագրված արդյունքների վերաբերյալ: Վարչապետի պաշտոնակատարը, մասնավորապես, կարեւորել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի արձագանքը ընտրությունների ու հետագայում հայ-ամերիկյան համագործակցության ուղղությունների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ երկկողմ համագործակցության արդյունքներից մեկն արդեն տեսանելի կլինի մի քանի օրից, երբ Հայաստանում կսկսի իր գործունեությունը պարեկային նոր ծառայությունը: «Հույս ունեմ, որ մեր համագործակցությունը կշարունակենք նոր ծավալներով»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը՝ կարեւորելով երկկողմ գործակցությունը տարբեր ուղղություններով Հայաստանում իրականացվող բարեփոխումների կյանքի կոչման գործում: Նիկոլ Փաշինյանն առանձնակի ընդգծել է ԱՄՆ դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում եւ կարեւորել համանախագահության գործունեությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման գործում: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ՄԽ համանախագահությունը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես միջնորդ ԼՂ բանակցային գործընթացում, այլեւ տարածաշրջանային անվտանգության ապահովման կարեւոր գործոն: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ներկայում ունենք մի իրադրություն, երբ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ գործունեությունը եւ այդ իրադրությունը կառավարելու գործում կարեւորվում է ոչ միայն համանախագահների, այլեւ ԱՄՆ  դերակատարությունը: Դեսպան Լին Թրեսյին նշել է, որ ԱՄՆ վարչակազմը շարունակելու է սերտ համագործակցությունը ՀՀ կառավարության հետ՝ վերջինիս բարեփոխումների օրակարգի առաջնահերթություններն առաջ մղելու նպատակով: Այդ առումով առանցքային է համարվել փոխգործակցությունը ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ու ամրապնդման, արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, ընտրական գործընթացների զարգացման ոլորտներում: Դեսպանը նշել է նաեւ ԱՄՆ վարչակազմի հավատարմությունը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում գործունեությանը՝ բանակցային ձեւաչափի վերականգնման ու հիմնախնդրի համապարփակ կարգավորման նպատակով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարության համար առաջնային նշանակություն են շարունակում մնալ կոռուպցիայի դեմ պայքարը եւ այդ գործում գործադիրն առաջնորդվելու է Հակակոռուպցիոն ռազմավարությամբ: Վարչապետի պաշտոնակատարն առաջնահերթությունների թվում նշել է նաեւ դատական համակարգի բարեփոխումը եւ վստահություն հայտնել, որ առաջիկա տարիներին այն իրապես կլինի անկախ: «Վստահ եմ, այս ամենի արդյունքում ժողովրդավարությունը ոչ միայն անշրջելի է դառնալու, այլեւ արմատավորվելու է Հայաստանում»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը: Նա նաեւ կարեւորել է Զինված ուժերի, կրթության բնագավառի բարեփոխումները, ինչպես նաեւ ենթակառուցվածքների զարգացումը, թվայնացման գործընթացը, որը  կրելու է ինտենսիվ բնույթ: Նիկոլ Փաշինյանն ու դեսպան Թրեյսին անդրադարձել են նաեւ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների՝ ելման դիրքեր դուրս գալով եւ հիշեցրել, որ հարցի լուծման նպատակով ավելի վաղ հանդես է եկել նաեւ համապատասխան առաջարկով:  Պարոն Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ դերը Ադրբեջանից հայ ռազմագերիների վերադարձի հարցում եւ հավելել, որ Հայաստանը պատրաստ է մարդասիրական քայլին պատասխանել համապատասխան քայլով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր