ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գայ համայնքի ղեկավարի կողմից շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, ծառայողական պարտականությունները չկատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Դեռևս 2020թ. փետրվարի 12-25-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից Արմավիրի մարզի Գայ համայնքում իրականացվել է տեսչական ստուգում, ինչի արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, այդ թվում՝ ինքնակամ կառուցապատման դեպքեր: Ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել է ակտ, որն ուղարկվել է իրավասու մարմիններին՝ խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով:
Նկատի ունենալով, որ համայնքի ղեկավարի գործողություններում առկա են եղել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ, հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գայ համայնքի ղեկավարը, 2008 թվականից մինչ օրս զբաղեցնելով նշված պաշտոնը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները՝ չի կատարել ծառայողական պարտականությունները, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:
Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը դիտավորությամբ որևէ միջոց չի ձեռնարկել՝ կանխարգելելու, կասեցնելու՝ առանց գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի համայնքի տարբեր նշանակության թվով 11 հողամասերում կատարված ինքնակամ կառուցապատման աշխատանքների և շահագործման ուղղությամբ: Ավելին՝ խախտումները ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմի կողմից ստուգումների արդյունքում հայտնաբերելուց հետո համայնքի ղեկավարը շարունակել է դիտավորությամբ որևէ միջոց չձեռնարկել, օրենքով սահմանված կարգով չի ապահովել հետևանքների վերացումը:
