«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Շաբաթ օրը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ հրապարակեց Ադրբեջանից Հայաստան վերադարձող հայ ռազմագերիների լուսանկարը ու հայտարարեց, որ մեր տղաներից 15-ը գալիս են:
Լուրն իսկապես մեծ իրարանցում առաջացրեց, հարցը նույնիսկ քաղաքականացվեց, ու ընդդիմությունը կարծիք հայտնեց, թե դա նշանակում է, որ Ալիեւը ցանկանում է բարձրացնել Փաշինյանի վարկանիշը, իսկ իշխանական թեւին մոտ կանգնած պրոպագանդիստներն էլ ակնարկում էին, որ Սեւ լիճ ադրբեջանցիների մուտքը հենց վկայում է այն մասին, որ Փաշինյանի հեռացումն ուզում են թե՛ ընդդիմադիրները, թե՛ Ալիեւը:
Այնուհետ հետեւեց ԱՄՆ-ի ու Վրաստանի կառավարությունների արձագանքը, եւ պարզ դարձավ, որ գործընթացքը մոդերացիա է արվել ամերիկյան կողմից, իսկ Վրաստանը ունեցել է որոշակի մասնակցություն:
Այստեղից կարող ենք կարծել, թե ռուսական պետության գործադրած ջանքերն էֆեկտ չեն տալիս, ու ավելի ուժեղ ու ազդեցիկ են ամերիկացիներրը: Սակայն ուժային կառույցների մեր աղբյուրները պնդում են, որ չնայած արտաքնապես դա տեսանելի չեղավ, սակայն ռուսական կողմը եւս աշխատանք տարել է Ալիեւի վարչակազմի հետ, իսկ ավելի կոնկրետ` մեզ փոխանցեցին համոզմունք, որ եթե ռուսները խանդի տեսարան սարքեին, ապա գործարքը հաստատ չէր կայանա:
Ստացվում է, որ եթե հայ գերների վերադարձը հայրենիք արված էր Փաշինյանի վարկանիշը բարձրացնելու համար, ապա տրամաբանական է, որ դա ցանկանում են թե՛ Արեւմուտքում, թե՛ Ռուսաստանում։