Հաշվի առնելով 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների կարևորությունը և համապետական նշանակությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ օրենքով իրեն վերապահված թույլատրելի ողջ գործիքակազմի կիրառմամբ գործադրելու է գործուն միջոցներ՝ հնարավոր ընտրախախտումների կանխարգելման, բացահայտման, մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի կազմակերպման, ընտրությունների օրինական ընթացքն ապահովելու նպատակով և հիշեցնում է, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին դրսևորել պատասխանատու վարքագիծ, զերծ մնալ ընտրությունների բնականոն գործընթացը խաթարող հակաօրինական գործելաոճից և հավաստիացնում է, որ ծառայությունը լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին և ձեռնարկելու է իրադրությունից բխող համարժեք գործողություններ՝ նկարագրված հանցավոր արարքները բացահայտելու, խափանելու և չեզոքացնելու ուղղությամբ:
Վերոգրյալի կապակցությամբ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ակնկալում է ընտրական խախտումների դեմ պայքարում պատասխանատու, բարեխիղճ, ազատ ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու հարցում շահագրգիռ քաղաքացիների համագործակցությունը իրավապահ մարմինների հետ, այդ թվում՝ ստացված հանցավոր ընտրախախտումների վերաբերյալ տեղեկություններն անհապաղ իրավապահ մարմիններին հայտնելու եղանակով: