Գելլափի վերջին հարցումներում մի ուշագրավ հարցադրում կա, որի պատասխանից կարելի է դատել, թե ինչպես են վերաբերվում ՀՀ քաղաքացիները երկրում տիրող վիճակին, իսկ այդ վիճակը բնականաբար սերտորեն կապված է գործող իշխանությունների վարած քաղաքականության հետ։ Հարցն այսպիսին է՝ ինչպե՞ս եք գնահատում մեր երկրի ներկա տնտեսական վիճակը։
Երկրի քաղաքական վիճակն ու անվտանգությունը, բնական է, որ այսօր վատ գնահատեն մարդիկ, բայց եթե տնտեսական վիճակն էլ են վատ գնահատում, ապա այս իշխանությունները մնալու ոչ մի շանս չունեն, որովհետեւ կարելի է ձախողվել արտաքին քաղաքականության մեջ, կարելի է պատերազմը տանուլ տալ՝ զոհեր ու կորուստներ ունենալ եւ ասել, որ դա մեզանով չէր պայմանավորված, այլ աշխարհաքաղաքական վիճակով, Թուրքիա-Ադրբեջան տանդեմով, Ռուսաստանի դավաճանությամբ եւ այլն, բայց եթե դու տնտեսության մեջ էլ ես ձախողվել եւ մարդիկ դա գիտակցում են, ուրեմն, վերարտադրվելու ոչ մի պատճառ ու շանս չկա։