00:00:00

Հորդորում ենք բոլորին հանգիստ լինել, սահմանված ժամկետում կներկայացնենք մեր նախընտրական ցուցակը, որտեղ կլինեն նաև նոր դեմքեր՝ նոր ասելիքով. Տոնոյան

14:47, 10 մայիս 2021

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այս օրերին Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ավարտական փուլին է մոտեցնում նախընտրական ծրագրի մշակման աշխատանքները: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը: Նրա փոխանցմամբ՝ այժմ տեղի են ունենում ոլորտային քննարկումները՝ տարբեր բնագավառի ներկայացուցիչների, փորձագետների, տնտեսագետների հետ: «Մենք մասնակցելու ենք ընտրություններին հաղթելու հաստատակամությամբ, և եթե հաղթանակ տանենք, վարչապետի պաշտոնում առաջադրելու ենք Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը: Մենք ունենք տնտեսագիտական բոլոր հաշվարկները, քանի որ մեր առաջարկած նախընտրական ծրագիրը տարբեր ոլորտներում փոփոխությունների առումով կրելու է հեղափոխական բնույթ, ունենալու է կոնկրետ սոցիալական, տնտեսական և անվտանգության երաշխիքներ: Մենք ավելի քան վստահ ենք, որ մեր ազգաբնակչության հավանությանն է արժանանալու այս ծրագիրը, որը վստահության քվեով արտացոլվելու է ընտրությունների ժամանակ», - նշեց Տոնոյանը: Ըստ նրա՝ այս օրերին կազմակերպում են մարզային այցելություններ, պատգամավորները տարբեր մարզերում հանդիպումներ են ունենում՝գույքագրելու խնդիրները, որոնց լուծման ճանապարհները նախանշված են լինելու նաև նախընտրական ծրագրում: «Գագիկ Ծառուկյանն էլ անձամբ, գրեթե յուրաքանչյուր օրվա պարբերականությամբ հանդիպումներ է ունենում տարբեր ոլորտների ներկայացուցիչների, ուսանողների, մարզերի բնակիչների հետ, որոնց հետ քննարկվում են այն խնդիրները, որոնք առկա են, և նախանշվում են այդ խնդիրների լուծման ճանապարհները»,- նշել է պատգամավորը: Արտահերթ ընտրությունները կայանալու դեպքում, Ի.Տոնոյանի փոխանցմամբ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շատ ակտիվ քարոզարշավ է իրականացնելու։ «Հանդիպումները լինելու են բոլոր մարզերում, անգամ փոքրիկ համայնքներում, քանի որ մենք անձամբ ներկայացնելու ենք մեր հայրենակիցներին այն պլատֆորմը, որով մասնակցելու ենք ընտրություններին և կարծում ենք, որ սա բնականաբար շատ լուրջ ազդեցություն է ունենալու ընտրությունների արդյունքների վրա»,- նշեց պատգամավորը: Ինչ վերաբերում է նախընտրական ցուցակներին, ապա նրա տեղեկացմամբ՝ դրանք դեռեւս գտնվում են քննարկումների փուլում։ «Կարող եմ նշել, որ մամուլում հետևողականորեն շրջանառվում են ԲՀԿ-ի ցուցակի հետ կապված տարբեր վերլուծություններ, թեզեր: Մենք գիտենք թե ովքեր են այդ թեզերը շրջանառության մեջ դնում և ինչ նպատակ են հետապնդում: Սակայն, հորդորում ենք բոլորին հանգիստ լինել, օրենքով սահմանված ժամկետներում մենք կներկայացնենք մեր նախընտրական ցուցակը: Այնտեղ կլինեն նաև նոր դեմքեր՝ նոր ասելիքով: Քանի որ Գագիկ Ծառուկյանը կարևորում է երիտասարդական ներուժի օգտագործումը քաղաքականության մեջ, նոր դեմքերը և հայացքները»,- եզրափակել է Տոնոյանը: Անի Մշեցյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր