00:00:00

«Արցախը կա և կլինի․․․ հիմա գա՝ Արցախի կարգավիճակի մասին ի՞նչ ասի». Բաբայանը՝ Լավրովի այցի մասին

22:08, 08 մայիս 2021 Լեռնային Ղարաբաղ

Մայիսի 5-6-ը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում։ ՀՀ արտգործնախարարի և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարն անդրադարձել է մի շարք հարցերի, իսկ առանցքում Արցախի հիմնախնդիրն էր։ Սերգեյ Լավրովն ընդգծել է Մինսկի խմբի կարևորությունը՝  նշելով, որ ԵԱՀԿ ՄԽ հետագա գործունեությունը պահանջված է՝ առաջին հերթին ուղղված վստահության մթնոլորտի ձևավորմանը։
Միաժամանակ նա ակնարկել էր, որ Մինսկի խմբի արևմտյան համանախագահները գործընթացը գլխիվայր շրջում են։ Լավրովի այցից հետո փորձագիտական որոշ շրջանակներ մտահոգություն հայտնեցին այն առնչությամբ, որ ՌԴ արտգործնախարարը որևէ անդրադարձ չկատարեց Արցախի կարգավիճակին։ 168.am-ի հետ զրույցում  Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով Ս. Լավրովի հայաստանյան այցին և Արցախի վերաբերյալ նրա հնչեցրած հայտարարություններին, նախ նշեց, որ ակնկալում են և հույս ունեն, որ Լավրովի տարածաշրջանային այցը կնպաստի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների գոնե մի մասի վերադարձին։ «Հայաստանն ու Ռուսաստանը եղբայրական երկրներ են, և նման այցերը կարևոր են մարդասիրական խնդիրների, Արցախի հիմնախնդրի, ինչպես նաև տարածաշրջանային այլ հարցերի քննարկման տեսակետից, նաև երկկողմ հարաբերությունների առումով։ Այսինքն՝ մեր եղբայրական երկրների հետ մենք պետք է շարունակենք սերտ համագործակցությունը»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Ինչ վերաբերում է այն մտահոգություներին, որ Լավրովը չանդրադարձավ Արցախի կարգավիճակի հարցին, Դավիթ Բաբայանը նկատեց՝ բոլորը, ի վերջո, պետք է հասկանան, որ արտաքին քաղաքականությանը, աշխարհաքաղաքականությանը չպետք է մոտենան էմոցիաների մակարդակով։ «Արցախը կա և կլինի, հիմա կարևորը մեր սուբյեկտայնության բարձրացումն ու պահպանումն է, հիմա գա՝ Արցախի կարգավիճակի մասին ի՞նչ ասի։ Բոլորի համար  էլ պարզ է, որ Արցախի կարգավիճակի խնդիրը կա և օրակարգում է, Ադրբեջանը մի բան է ասում, մենք այլ բան ենք ասում, բայց ասելուց զատ, մենք պետք է աշխատենք։  Մենք մեր կողմից այնպես պետք է անենք, որ Արցախը լինի կարևոր սուբյեկտ, որպեսզի կարևորագույն դերակատարություն իրականացնի սփյուռքում, Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում, ինչպես նաև տարածաշրջանում։ Այս ուղղությամբ պետք է աշխատենք, այլ ոչ թե ընկնենք բառերի, խոսքերի հետևից»,- հավելեց Դավիթ Բաբայանը։ Անդրադառնալով Մինսկի խմբի վերաբերյալ Սերգեյ Լավրովի հայտարարությանը, Դավիթ Բաբայանը շեշտեց, որ այն ուղղված էր ոչ միայն Ադրբեջանին, այլև Մինսկի խմբի այլ երկրներին։   «Կարևոր է, որ մենք տեսնում ենք՝ կա շահագրգռվածություն, որպեսզի Մինսկի խումբն աշխատի, ինչն ինքնին լավ է»,- եզրափակեց Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը։ 168.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր