00:00:00

Ովքեր կլինեն Քոչարյանի ցուցակի առաջին տասնյակում և ով է զբաղվում «քասթինգով»

12:35, 07 մայիս 2021

Irakanum.am-ը տեղեկացրել էր, որ հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի ՀՅԴ-ի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ դաշինքով։ Դաշինքը ղեկավարելու է Ռոբերտ Քոչարյանը։ Թե ինչ ցուցակով է հանդես գալու այս եռյակը, քննարկումները շարունակվում են։ Irakanum.am-ի աղբյուրների փոխանցմամբ վերջնական որոշումը կայացնելու է Քոչարյանը, ով այս պահին քաղաքարտերը չի բացում։ Հստակ է, որ նախընտրական ցուցակի երկրորդ համարում լինելու է Դաշնակցական Իշխան Սաղաթելյանը։ Ցուցակի երրորդ համարը պարտադիր պետք է կին լինի։ Սկզբում առաջարկվել է, որ Լիլիթ Գալստյանը լինի, սակայն հաշվի առնելով, որ երկրորդ տեղում արդեն իսկ ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանն է, Քոչարյանը մերժել է այդ առաջարկը, բայց հայտնել, որ Գալստյանը կլինի տասնյակում։ Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակից Աննա Գրիգորյանը, ով օրեր առաջ հայտարարեց, որ քաղաքական գործունեությունը կշարունակի «Վերածնվող Հայաստան» կուսակցությունում ևս երրորդ տեղի համար պայքար է մղում, բայց նրան ևս այդ հորիզոնականը չեն վստահի։ Սկզբում խոսք է գնացել Արփինե Հովհաննիսյանի մասին, բայց դարձյալ ընդհանուր հայտարարի չեն եկել։ Նախընտրական ցուցակի առաջին տասնյակում կլինի նաև Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Յուրի Խաչատուրովը ամենայն հավանականությամբ անմասն կմնա քաղաքական գործընթացներից։ Վեցերորդ տեղում լինելու է Վահե Հակոբյանը, որին հաջորդելու է Էլինար Վարդանյանը, ապա նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, վերջինիս էլ Վահե Հովհաննիսյանը։ Միաժամանակ շեշտենք, որ քննարկումները ցուցակի ինչպես առաջին տասնյակի, այնպես էլ ամբողջական կազմի վերաբերյալ շարունակվում են և չի բացառվում, որ այն ենթարկվի փոփոխության։ Նախընտրական ցուցակը կհրապարակվի հաջորդ շաբաթ։ Ռոբերտ Քոչարյանի թիմի նախընտրական աշխատանքներն էլ համակարգում է կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը։ Նա միաժամանակ զբաղված է «քասթինգով», մեկ առ մեկ խոսում է այն մարդկանց հետ, ովքեր այս ընթացքում տարբեր մարզերում, քաղաքներում ու անգամ բակերում պետք է աշխատեն Քոչարյանի օգտին։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր