«ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին հարցրինք, թե հստակեցվե՞լ է նրա՝ քաղաքականություն մտնելու ձևաչափը, ընտրություններին մասնակցելո՞ւ է՝ նկատի ունենալով, որ Սաղաթելյանն ասել էր, թե սկսելու է ակտիվ քաղաքականությամբ զբաղվել։ «Ձեզ հայտնի է, որ ես Միքայել Մինասյանի թիմից եմ, մեր թիմը շատ կազմակերպված և կուռ կառույց է։ Այս ընտրություններին մեր թիմը չի մասնակցում՝ որպես քաղաքական միավոր»,- ասաց Սաղաթելյանը։
Հարցրինք՝ ի՞նչ կարծիք ունի ձևավորված դաշինքների վերաբերյալ՝ ՀՀԿ-«Հայրենիք», Քոչարյան-ՀՅԴ և այլն, ինչպիսի՞ ընտրապայքար է կանխատեսում։ «Հստակ տեղեկություն բոլոր դաշինքների մասին դեռ չկա, կա տրամադրվածությունների մասին տեղեկություն։ Որքան տեղյակ եմ, բոլորն էլ ասում են, որ երբ կհայտարարվեն ընտրություններ, և մենք կհամոզվենք, որ երկիրը ղեկավարող իդիոտը մեզ հերթական անգամ չի խաբում, այդ ժամանակ կհայտարարենք մեր քաղաքական կոնֆիգուրացիաների մասին։ Ես այդպես եմ հասկանում իրականությունը՝ դատելով Ձեր կողմից հիշատակված տարբեր քաղաքական ուժերի ղեկավար կազմի ներկայացուցիչների ելույթներից։
Միքայել Մինասյանն իր հրապարակման մեջ նշել էր ընտրություններին չմասնակցելու պատճառները, Սաղաթելյանին հարցրինք՝ իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերից որևէ մեկին աջակցելո՞ւ են։ «Բոլորը, ովքեր Նիկոլին դեմ են, կարող են ակնկալել մեզնից տարբեր տեսակի օգնություն և աջակցություն։ Մենք արտահայտելու ենք մեր դիրքորոշումն ընդդեմ այս տականքների, մենք բացատրելու ենք հասարակության բոլոր հնարավոր շերտերին՝ բոլոր հնարավոր գործիքակազմերը կիրառելով, որ սուբյեկտայնություն և ներքին լեգիտիմություն չունեցող կապիկը չպետք է ղեկավարի այս երկիրը»,- պատասխանեց Սաղաթելյանը»,-գրում է թերթը։