«168 ժամ» թերթը գրում է. «Ելույթից՝ ելույթ, հայտարարությունից՝ հայտարարություն, Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանում անհապաղ կարգով ստեղծվի աշխարհում գոյություն չունեցող մասնագիտություն՝ քաղաքական հոգեբուժություն։
Քաղաքական հոգեբանությունը, որ որպես առանձին դիսցիպլին վաղուց գոյություն ունի, այս դեպքում անզոր է, առանց հոգեբուժական միջամտության Հայաստանն անխուսափելիորեն հայտնվելու է այնպիսի փսիխոզի մեջ, որում գտնվում և իր հրապարակային խոսքն է արտահայտում Նիկոլ Փաշինյանը։ Զրահաբաճկոնն անգամ նրան այլևս չի օգնում, որևէ ամբիոնի մոտ հայտնվելիս նրա ներքին վախերն ու կոմպլեքսներն առաջին պլան են մղվում՝ հիմքեր ստեղծելով քաղաքական փսիխոզի հորդման հերթական արարի համար։
Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանը պատերազմում խայտառակ պարտություն է կրել, հանձնվել է Արցախի 75 տոկոսը՝ 5 հազարից ավելի զոհերով։ «Դավաճան», «կապիտուլյանտ», «հողատու» պիտակներն իրականում նրա քաղաքական ու ոչ միայն քաղաքական ուղու վրա դաջել են ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ որևէ այլ մեկը, այլ անձամբ ինքը՝ սեփական գործողություններով, անգործությամբ, անկարողությամբ կամ դավաճանությամբ։