Լավրովի այցը ներառելու է նաև ԼՂ հակամարտության խաղաղ գործընթացի վերսկսման վերաբերյալ մեր քննարկումները. Խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը՝ պատասխանելով Սերգեյ Բագրատյանի հարցին, թե ի՞նչ ակնկալել ՌԴ արտգործնախարարի այցից և ԵԱՀԿ ՄԽ-ն ե՞րբ է ճանաչելու Արցախի անկախությունը։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հնչեցվել է երկու հայտարարություն. մեկը՝ 2020 թ. դեկտեմբերի 3-ին, մյուսը՝ այս տարվա ապրիլի 13-ին: Հայկական կողմի գնահատականներն ու մոտեցումները հայտնի են: Ուղղակի հիշեցնեմ՝ ՀՀ-ն իր ճանապարհային քարտեզն այս ժամանակաշրջանի համար արտահայտել է առաջին անգամ դեկտեմբերի 3-ին՝ ԵԱՀԿ Նախարարների խորհրդի ժամանակ: Մենք ներկայացրել ենք 5 կետանոց ճանապարհային քարտեզ, և գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և 2020 թ. դեկտեմբերի 3-ի և 2021 թ. ապրիլի 13-ի հայտարարությունների մեջ արտացոլված են հայկական կողմից բարձրացված հարցերը»,- հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը։
Ավազյանի խոսքով՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հստակ ընդգծել է՝ խաղաղ գործընթացը պետք է վերսկսվի ու հասցեագրվի ԼՂ հիմնահարցի ամենակարևոր սկզբունքը՝ կարգավիճակի հարցը լուծելուն:
«Տարբեր գործընկերներ, հատկապես ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարները, պետությունների ղեկավարները գնալով ավելի հստակ են արտահայտում իրենց կարծիքը հարցի մասին, այն է՝ խնդիրը ավարտված չէ, հակամարտությունն իր լուծումը չի գտել, և պետք է հասցեագրել առկախված խնդիրները»։
Ըստ Այվազյանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ունի միջազգային մանդատ՝ ստեղծելու միջավայր, որ հակամարտող կողմերը հանգեն բանակցային կարգավորմանը: «Ուրախ եմ արձանագրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը կարծես, ցույց է տալիս վերակենդանացման նշաններ, և ինչպես նախկինում ասել եմ՝ լիահույս եմ, որ կունենանք ուժեղ համանախագահություն, որ ոչ թե կհետևի գործընթացներին, այլ կղեկավարի գործընթացները»,- ասաց նա: