«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեք ամսվա ընթացքում մոտ 9 դատական ակտ ենք ունեցել, որոնք ընդհանրապես չեն արտացոլում իրականությունը: Այս մասին «Փաստի» հետ զրույցում ասաց զենքի մատակարարման չարաշահումների գործով մեղադրյալներ Դավիթ Գալստյանի և Արմեն Բաղդասարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը: Զենքի մատակարարման չարաշահումների գործով Դ. Գալստյանից (Պատրոն Դավիթ) բացի, կալանավորված է նաև նրա ընկերության տնօրեն Արմեն Բաղդասարյանը՝ Դ. Գալստյանի հորեղբոր որդին:
Պաշտպանը նշեց, որ այս ամբողջ ընթացքում իրենց կողմից ներկայացված բոլոր բողոքները մերժվել են դատարանների կողմից. «Ի սկզբանե, երբ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, բոլորիս համար անհասկանալի էր այն: Բայց մենք խորհրդակցեցինք Դավիթ Գալստյանի հետ, թե ինչ մարտավարություն պետք է ընտրենք, որովհետև հասկացել էինք, որ ԱԱԾ-ի հրապարակած տեղեկությունը կա՛մ չճշտված է, կա՛մ ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք, կա՛մ հատուկ ուղղորդված: Ամեն դեպքում, որոշեցինք գործը քաղաքական, Դավիթ Գալստյանին էլ՝ քաղաքական բանտարկյալ չդարձնել ու պայքարել իրավական ճանապարհով: Երեք ամիս այդ տրամաբանության մեջ ունեցանք գրեթե տասը դատական ակտ, տարբեր միջնորդություններ ներկայացրեցինք: Երեք ամսվա ընթացքում մեղադրանքը հերքող հնարավոր և անհնար ամեն ինչ հավաքեցինք ու ներկայացրեցինք նախաքննության մարմին ու դատարաններին: Ցավոք, մենք դատարաններում չկարողացանք հասնել արդարադատության: Իմ խորին համոզմամբ, պատճառը դատավորի անաչառ ու անկախ չլինելն է: Դատարանները պարզապես խուսափեցին օբյեկտիվ իրականությունն արտացոլել դատական ակտերում՝ հասկանալով, որ դրա արդյունքում հնարավոր է ենթարկվեն այնպիսի հետապնդումների, այնպիսի պարսավանքի, որը մենք տեսնում ենք հատկապես վերջին շրջանում: Ես չեմ բացառում, որ նույն ԱԱԾ-ի աշխատակիցները կարող է և գնացած լինեն դատավորների աշխատասենյակներ և սպառնացած լինեն իրենց: Պարզապես խնդիրն այն է, որ եթե դատավորը, ճնշումներին զոհ գնալով, վերցնում ու այդ որոշումները կայացնում է, ըստ էության, հանցակից է դառնում այս ամենին»:
Պաշտպանը հիշեցրեց ավելի վաղ Դ. Գալստյանի՝ ԱԱԾ հաղորդագրությունից հետո արված այն հայտարարությունը, որտեղ նա նշել էր շահագրգիռ կողմերի համար «պատերազմում մեղավորների ամենահարմար թեկնածուն» լինելու եզրահանգման մասին. «Այդ մտավախությունները մեզ մոտ գնալով ամրապնդվում են: Մենք կարծում ենք, որ այս ամբողջ գործընթացների հետևում կանգնած են մարդիկ, ուժեր, որոնք ինչ-որ եղանակով կարողանում են ազդել իրավապահ կամ դատական համակարգի վրա: Ենթադրում եմ, որ այդ մարդիկ նաև որոշակի իշխանական լիազորություններ ունեցող մարդիկ են»: