00:00:00

Երկրից կապիտալը փախչում է. ԿԲ-ի կիրառած գործիքներն արդյունավետ չեն. տնտեսագետ

20:18, 19 ապրիլ 2021 Տնտեսություն

Դոլար վաճառելով կամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելով՝ հնարավոր չէ արժութային շուկայի անկայունության խնդիրը լուծել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը՝ հավելելով, որ դրանք կարճաժամկետ կտրվածքով ինչ-որ թվացյալ խնդիրներ են լուծում, սակայն ավելի են խորացնում վիճակը։ Միակ գործիքը, որն այսօր կիրառում է Կենտրոնական բանկը, դա արժութային շուկայում ռեզերվների վաճառքն է։ Թադևոս Ավետիսյանն ասում է, որ այստեղ հաշվարկներ և տրամաբանություն փնտրել պետք չէ, քանի որ իրական լուծումն այդտեղ չի գտնվում. «Դոլար վաճառելով չեն կարող արժութային շուկայի անկայունության խնդիրը լուծել։ Դա խորացնում է վիճակը, որովհետև ռեզերվներն անվերջ չեն։ Դա վտանգավոր է, քանի որ մի կողմից արտաքին պարտքն է բարձր տեմպով աճում, մյուս կողմից ռեզերվներն են նվազում։ Այստեղ երկրի վճարունակության խնդիրն ավելի է սրվում»,-նշեց տնտեսագետը։ Կենտրոնական բանկի կողմից ռեզերվներ վաճառելն ունեցավ կարճաժամկետ ազդեցություն, քանի որ դոլարը նվազեցրեցին և այժմ 520-525-ի միջակայքում է, սակայն դա խորքային ու երկարաժամկետ լուծումներ է պահանջում. «Արտարժույթի շուկայի այդ վիճակը խորքային պրոբլեմների հետևանք է, քանի որ երկրից կապիտալ է փախչում, դեպի մեր երկիր օտարերկրյա դրամական փոխանցումները կրճատվում են, արտահանումը կրճատվում է։ Ի վերջո նաև հոգեբանական գործոն կա։ Անորոշությունների ֆոնին մարդիկ ցանկանում են դրամից ազատվել և խնայողությունները կայուն արժույթով ձևակերպել, իսկ ԿԲ-ի կիրառած գործիքներն արդյունավետ չեն։ Ավելի պարզ ասելու համար, պետք է հասկանալ, որ երկկողմանի թոքաբորբով հիվանդը երբեք միայն ջերմ իջեցնողներով չի բուժվելու»,-ասաց Թադևոս Ավետիսյանը՝ ընդգծելով, որ երկիրը, տնտեսությունը պետք է դուրս բերել ցնցումային, ազատ անկման այս վիճակից։ Նախևառաջ անհրաժեշտ է կայունացնել շուկաները, ներդրումներ ապահովել, որպեսզի արժութային շուկան և ազգային արժույթը կայունանան։ Ի վերջո ազգային արժույթը ձևավորվում է մակրոտնտեսական միջավայրից։ «Սրանք պետական ռեզերվներ են։ Նիկոլ Փաշինյանի պահուստները չեն, որ ինչպես ցանկանա, տնօրինի։ Ռեզերվներն ակնհայտորեն նվազում են և այդ տեմպով արտաքին պարտքն է ավելանում։ Բացի այդ նախորդ տարիների համեմատ միանգամից 1 տոկոսային կետով վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրեցին։ Եթե ԿԲ-ն դա բարձրացնում է առաջնային շուկայում, հետևաբար երկրում դրամով վարկը թանկանում է։ Այսինքն` առանց այն էլ տնտեսական ակտիվության անկումը շարունակվում է, մի հատ էլ վարկի հասանելիությունն են նվազեցնում, երբ վարկի նկատմամբ պահանջարկն աճել է։ Երկարաժամկետ առումով սա վնասում է տնտեսական ակտիվությանը»,-ասաց տնտեսագետը։ Թադևոս Ավետիսյանը գտնում է, որ արժութային շուկայում երկարաժամկետ կայունություն ապահովելու համար գործողություններ իրականացնելն առավելապես կառավարության տիրույթում է։ Տնտեսական անկումն ու անորոշությունները պետք է կասեցվեն և մարդիկ պետք է հստակ պատկերացնեն իրենց ապագան, գործողություններն ու վարքագիծը, որպեսզի դրանք խուսափողական ու սպասողական չլինեն։ Հարցին՝ արդյոք արտահերթ ընտրություններն էլ ավելի չեն սրի անկայունությունն ու անորոշություները, տնտեսագետն ասաց. «Ամեն հաջորդ օր ավելի վատ վիճակ են ստեղծում տնտեսական զարգացման ճկունության իմաստով, քան նախորդ օրն էր։ Այսօրվա իշխանություններն իրենց պոպուլիզմով, անպատասխանատվության և ապաշնորհության վարքագծով ամեն օրը դարձնում են էլ ավելի վատը և հաջորդ իշխանությունները, եթե իրապես նպատակ ունեն կայունացնել երկիրն ու տնտեսությունը, դատապարտված են շուրջօրյա աշխատանքի»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։ Անդրադառնալով հարցին՝ արդյոք որևէ ուղղությունում դրական դինամիկա չկա՞, Թադևոս Ավետիսյանը նկատեց՝ կան որոշ ապրանքներ, որոնց գները կա՛մ չեն աճել, կա՛մ նվազել են, սակայն առարկայական լուրջ տեղաշարժեր չկան. «Նախկինում վարչապետը գոնե 100 փաստ էր գտնում, որոնցից 80-90 տոկոսը, իհարկե, պրիմիտիվ իրողություններ էին, բայց գոնե երկու ամիսը մեկ թվարկում էին և իրենք իրենց ուրախանում։ Այսօր նույնիսկ այդ դրվագային փաստերը չկան։ Եթե նրանք չեն կարողանում 100 չէ գոնե 10 փաստ բերեն ու արձանագրեն որպես ձեռքբերում, ես ինչպե՞ս անեմ։ Այդ փաստերը որքան արագ առաջացան, նույնքան արագ էլ անհետացան»,-ասաց Թադևոս Ավետիսյանը՝ հորդորելով իրատես լինել և հույս չդնել ականջահաճո երևույթների ու սպասումների վրա, քանի որ այդկերպ ստեղծված իրավիճակից դուրս չենք գա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր