ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է մերօրյա հերոս Հարություն Թիլիքյանին: Նա գրել է.
«Ընտրել ռազմական բժշկի մասնագիտությունը` նշանակում է ամուր կապերով կապվել հայրենիքին ու ծառայել բժշկի և սպայի կոչմանը հավատարիմ: Բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանող Հարություն Թիլիքյանը սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ իրականացվող պատերազմի ժամանակ, հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտում, սահմանին կանգնեց որպես զինվոր` չմոռանալով նաև այն առաքելությունը, որը կոչված է` օգնել բուժօգնության կարիք ունեցող զինակից ընկերներին, փրկել կյանքեր ու զոհել կյանքը` հանուն հայրենիքի և հանուն կյանքերի:
Մերօրյա հերոսը ծնվել է 1998թ.-ի ապրիլի 18-ին Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում։ Բազմաթիվ հետաքրքրություններ ունեցող Հարությունն ընտրեց բժշկությունը: Պատահական չէր, որ որոշեց ծառայել կրկնակի՝ զինվորականի և Հիպոկրատի երդման ներքո: