Համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնի 2-րդ մասի՝ 2021 թվականի մարտի 9-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (յոթ դատավորներից կազմված Պալատի կազմով) որոշել է Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեին ծանուցել Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած վերջին զինված հակամարտության առնչությամբ 39-րդ կանոնի ներքո կիրառված միջանկյալ միջոցների վերաբերյալ, որոնք են երկու պետություններին հասցեագրված ընդհանուր միջոցներ պարունակող 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կայացված և նոյեմբերի 4-ին պարզաբանված որոշումը, ինչպես նաև 2020 թվականի հոկտեմբերի 13-ից 2021 թվականի մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում համապատասխան Սեկցիայի Նախագահի կողմից կայացված 78 որոշումները, որոնք վերաբերում են Ադրբեջանի կողմից ենթադրաբար գերեվարված 249 հայերի առնչությամբ միջանկյալ միջոցի կիրառման դիմումներին: Նշված դիմումները ներկայացվել են Հայաստանի կառավարության կողմից «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» (գանգատ թիվ 42521/20) միջպետական գանգատի շրջանակում և ենթադրաբար գերեվարված անձանց ազգականների կողմից՝ 62 անհատական դիմումներում:
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունից, ՄԻԵԴ-ը Նախարարների կոմիտեին տեղեկացրել է, որ, համաձայն ՀՀ կառավարության տրամադրած տեղեկատվության վերոնշյալ անձանցից 58-ը վերադարձվել են 2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի փետրվար ամիսների ընթացքում, իսկ 7 անձինք գտնվել են մահացած (այնուամենայնիվ, 6 գործերով անհատ դիմումատուները պնդում են, որ իրենց ազգակցի մահվան փաստը հաստատող որևէ ապացույց չեն ստացել): 249 հայերից 72-ը դեռևս գտնվում են Ադրբեջանում, որոնց գերության և պահման փաստը հաստատվել է Ադրբեջանի կառավարության կողմից: Ինչ վերաբերում է մյուս 112 անձանց, ապա Ադրբեջանի Կառավարությունը պնդում է, որ իրենք չեն կարողացել նույնականացնել այդ անձանց իրենց մոտ պահվող անձանց շրջանում: