00:00:00

էս ի՞նչ շախմատ եք խաղում. Արագած Ախոյանը՝ Օնիկ Գասպարյանի հայտարարության մասին

20:30, 10 մարտ 2021

ԳՇ պետի պաշտոնից ազատվելուց հետո Օնիկ Գասպարյանի հայտարարությունը ցույց է տալիս, որ սա խաղ է, թատրոն և պայմանավորվածության արդյունք։ Այս մասին այսօր՝ մարտի 10–ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը՝ անդրադառնալով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնից ազատմանը և նրա այսօրվա ուղերձին։ Արագած Ախոյանը նշեց, որ գլխավոր շտաբի հայտարարությունները խաղ է համարում։ «Պարոն Օնիկ Գասպարյան, ինչի՞ համար հայտարարություն արեցիք, ինչու՞ հետ կանգնեցիք, չէ՞ որ լիքը մարդկանց նաև հուսախաբ արեցիք։ Մի քիչ շատ չե՞ք սահմանադրություն խաղում։ Ասեմ՝ էս թատրոնը վատ եք խաղում։ Էս ի՞նչ պայմանավորվածություններ են ձեր մեջ։ Ի՞նչ եք անում, ո՞վ է ղեկավարում, էս ի՞նչ շախմատ եք խաղում։ Մենք այլ հնարավորություն չունենալով՝ կանգնում ենք ամբողջ օրը։ Դրանից ավելի ի՞նչ կարող ենք անել։ Դուք օրենքով ունեք հնարավորություններ, մենք  չենք կարող ձեր ֆունկցիաները վերցնել մեզ վրա։ Երեկ հպարտանում էինք, ասում էինք՝ բանակը մեր մեջքին է։ Օրենքներո՞վ եք շարժվում, բա ո՞ր օրենքով մենք հայրենիքի մի մասը կորցրինք, այսքան զոհեր տվեցինք։ Օրենքով որ շարժվենք, բոլորդ եք դատվելու»– ասաց Ախոյանը։ Ախոյանն ընդգծեց՝  սա բացառիկ հնարավորություն էր, որ բանակը կանգնի ընդդիմության կողքին, և որ այդ հնարավորությունը պետք է օգտագործվեր։ «Բանակի հայտարարությունը նշանակում է, որ այսօր կոնկրետ գործողություն պետք է արվեր՝ ընդհուպ մինչև այսօրվա իշխանությունը բռնազավթած անձի ձերբակալումը։ Զինվորական կառույցների նման հայտարարությունը ենթադրում է, որ տեղի է ունեցել դավաճանություն։ Միայն այս դեպքում Զինված ուժերը կարող են դուրս գալ իշխանության դեմ։ Ընդդիմությունը հնարավորինս իր քայլերն արել է։ Իհարկե, ռադիկալ քայլերի չի գնացել, օրենք չի խախտել»– նշեց նա։ Դիմելով ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին՝ Արագած Ախոյանն ասաց, որ այս ամենը խմբակային համագործակցված հանցագործություն է համարում. «Ու՞ր է Տոնոյանը։ Դու պատասխանատվություն չունեի՞ր, ասելիք չունեի՞ր ժողովրդին, բանակին։ Դու ղեկավարել ես մի կառույց, որը հայտնվել է պատերազմական իրավիճակի մեջ, տանուլ է տվել»– ասաց Ախոյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը փետրվարի 25–ին հայտարարություն էր տարածել,  պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր՝ մարտի 10–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից: Փաշինյանն Արմեն Սարգսյանին առաջարկել է ԳՇ պետի պաշտոնում նշանակել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին։ Նշենք, որ այսօր՝  մարտի 10–ին, Օնիկ Գասպարյանը հայտարարություն էր տարածել, (https://news.am/arm/news/632930.html) որում նշում է, որ «իր ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու է այլ կարգավիճակով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր