00:00:00

Փաշինյանին լուրջ արձագանքելը համարում եմ արժանապատվությունից ցածր մի բան․ Արփինե Հովհաննիսյան

23:56, 09 մարտ 2021

Անկեղծ ասած, ես ամեն անգամ մտածում եմ անբարոյականության հորիզոն նվաճելու ինչպիսի օրինակներ մեզ կտան այս խունտայի ներկայացուցիչները, բայց ամեն անգամ շարունակում եմ զարմանալ։ Ես կարծում էի՝ կորցրել եմ այդ ունակությունը, բայց կարծես թե՝ ոչ։ Այս մասին այսօր՝ մարտի 9-ի երեկոյան, Բաղրամյան պողոտայում շարունակվող «Հայրենիքի փրկության շարժման» ցույցի ընթացքում NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՓՇ խորհրդի անդամ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի հայտարարությանը, թե ընդդիմության ցույցերը խոչընդոտել են հայ գերիների վերադարձին։ «Հիմա էլ այդ տիկինը, անունը չեմ հիշում (Նազելի Բաղդասարյան՝ NEWS.am), այդպիսի խայտառակ հայտարարություն է արել, ինչու խայտառակ, որովհետեւ նա փաստացի խաղում է մարդկանց զգացմունքների հետ, հասկանալով, որ հասարակության համար շատ զգայուն թեմա է։ Նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը, որը կարող էր իրականացվել, եթե մենք ունենայինք նորմալ իշխանություն, պարտված, բայց նորմալ իշխանություն, ոչ թե կապիտուլյանտ, Ալիեւի հարճ իշխանություն, մենք կունենայինք մեր բոլոր գերիներին վերադարձված։ Եթե մի փոքր բանակցային, դիվանագիտական ձիրք ունեցող իշխանություն ունենայինք, դա կլիներ գոնե հունվարին։ Բայց հիմա խաղալ մարդկանց զգացմունքների հետ, որոնք ծանր հոգեկան ապրումների մեջ են գերիների, կին գերեվարվածների համար, ինչ է թե ցույցեր են, պետք է պատմական անբարոյականության շեմ արձանագրես։ Հետեւաբար, ես ինքս էլ, ունենալով հարազատ, որի կարգավիճակը չգիտենք, պետք է ասեմ, որ դա զրո ազդեցություն ունի, եւ Փաշինյանի իշխանությունը դրանից չի երկարելու։ Եվ ընդդիմությունը պետք է շարունակի իր բողոքի ակցիաները՝ մինչեւ դավաճանի հեռացում, որից հետո գերիների հարցը կլուծվի պատշաճ մակարդակով, քանի որ դա մարդասիրական հարց է։ Ալիեւը վաղուց այն դարձրել է առուծախի առարկա, քանի որ դիմացը արյան, հույսի, էմոցիաների վաճառական է։ Փաշինյանը ոչ այլ ինչ է, եթե ոչ առեւտրական, միշտ էլ ինչ-որ բան է գնել ու վաճառել։ Հիմա էլ՝ Ալիեւի հետ է մեր գերիներին հողերի դիմաց առուծախի մեջ։ Հետեւաբար, նա պետք է հեռանա, որպեսզի մեր հասարակության բոլոր ցավոտ հարցերը լուծում ստանան», ասել է Արփինե Հովհաննիսյանը։ Այս իշխանությունները կարմիր գիծ չունեն որեւէ տեղ, ասել է Արփինե Հովհաննիսյանը, պատասխանելով Փաշինյանի կողմից արտահերթ ընտրությունների արդյունքները չկեղծելու՝ Էդմոն Մարուքյանի հույսերի վերաբերյալ հարցին։ «Այս հասարակությունը իրար սիրել-չսիրելով, հանդուրժելով, լավ ու վատ գոյակցում էր, սրանց գալով ջնջվեցին բոլոր կարմիր գծերը, ընտանիք, արժեքներ, չթողեցին ոչ մի բան։ Կարմիր գծի բարձրագույն կետը պատերազմի կեղծումն էր, 44 օր պատերազմի ընթացքի կեղծումը, այդ ընթացքում զոհվածների թվի կեղծումը, եւ, կարծիքները, որ այս մարդն ինչ ասես կեղծում է, ընտրությունն ինչ է որ չկեղծի, լեգիտիմ են։ Այս առումով, Մարուքյանը պետք է շատ երկար մտածի, որովհետեւ փորձելով կրկին, այս անգամ արյան վրա, փնտրել 3-րդ ճանապարհ, նա շատ մշուշոտ ապագա է պատրաստում թե իր, թե իր խմբակցության անդամների համար։ Եթե այդ արտահերթ ընտրություններն առաջարկեր իրական ընդդիմությանը, որը կմտածեր իր անելիքը, բայց եթե դու սեղմում ես դավաճանի ձեռքը, դա արդեն խնդրահարույց է։  Մարուքյանն ասում է, թե ինքը դավաճան չի անվանում, որ ընդունելի լինի եւ այս, եւ մյուս կողմի համար, ես դավաճան ասում եմ, որովհետեւ այս մարդը դավաճանել է մարդկանց հույսերը, հույզերը, հայրենիքը, այն հազարավոր տղաներին, ինչպես իր կինն է ասում՝ հանուն ոչնչի զոհված, եւ հիմա իր հետ լինել նրբանկատ, ինչ է թե ընդունելի լինես՝ ես դա չեմ հասկանում», ասել է Արփինե Հովհաննիսյանը։ Ա․Հովհաննիսյանն ասել է, թե ԶՈւ ԳՇ պետի հասցեին Փաշինյանի մեղադրանքները՝ Սերժ Սարգսյանից հրահանգ ստանալու մասին, լուրջ չի համարում․ պատճառն, ըստ նրա, բանակի դեմ պարբերական հարձակումներն էին, որոնց վերջին կաթիլը Հայստանի սահմաններից էլ դուրս եկած մասշտաբի խայտառակ հայտարարության արձագանքն էր, որի պատճառով նա ԳՇ պետի առաջին տեղակալին աշխատանքից ազատելու միջնորդություն ներկայացրեց․ «Մի օր ասում են՝ 30 տարի բանակ չենք ունեցել, մյուս օրը գնում են Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի առիթով հարգանքի տուրք են մատուցում, որը եղել է բանակի սկզբնավորման ակունքներում, մի օր ասում են՝ բանակը չեն զինել, թալանել են, հետո հուլիսյան մեկ մարտի համար իրեն հզոր զարահրամանատար է հռչակում, չգիտեմ քանի հատ Մարտական խաչ է բաժանում, ազգային հերոսի կոչում շնորհում։ Այդ ժամանակ բանակը լավն էր, երկու ամիս հետո իր որոշումների պատճառով՝ բանակին պարտության տարավ, ուրեմն բանակ չունենք։ Այս մարդկանց մոտ հետեւողական սուտը կենսակերպ է։ Այդ մարդը չի կարող չստել, չկեծղել, չմանիպուլացնել, չմոլորեցնել։ Նրան լուրջ արձագանքելը համարում եմ արժանապատվությունից ցածր բան», նշել է Արփինե Հովհաննիսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր