Կանանց միջազգային տոնի առթիվ ուղերձ է հղել ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը: Ուղերձում ասվում է.
«Ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Գարնան և գեղեցկության տոնի առթիվ: Սիրելի կանա՛յք, այս անգամ ձեր տոնը տխրության շունչ ու սխրանքի խորհուրդ ունի: Խորին խոնարհումս ու շնորհավորանքս եմ հղում նախ և առաջ մեր զոհված ծառայակիցների մայրերին, կանանց, քույրերին, դստրիկներին: Ձեր կորուստն անչափելի է, բայց վստահ եղեք, որ միշտ ձեր կողքին ենք և անելու ենք ամեն ինչ ձեր վիշտը գոնե փոքր-ինչ սփոփելու համար: Շնորհավորում եմ մեր գործընկերուհիների՝ կին-ոստիկանների տոնը: Դուք տղամարդկանց հավասար կրում եք ծառայության բոլոր դժվարությունները՝ աշխատանքը լիարժեք զուգորդելով ընտանիքի մոր արժանապատիվ առաքելության հետ: Շնորհավորում եմ մեր գործընկերների մայրերին, քույրերին, կանանց, դուստրերին: Թող ձեր սպասումը ծառայությունից վերադարձող սիրելիներին միշտ պսակվի հանդիպման երջանկությամբ: Շնորհավորում եմ մեր կին-վետերաններին, որոնք պատվարժան և ուսանելի ճանապարհ են անցել և այսօր իրենց փորձն են փոխանցում երիտասարդներին: Շնորհավորանքներս եմ հղում Արցախի Հանրապետության մեր գործընկերուհիներին, մաղթում խաղաղ ծառայություն, ուժ ու հավատ, որ ապագան մերն է լինելու: Շնորհավորում եմ բոլոր կանանց: Խաղաղություն ձեր ընտանիքներին: Երջանկություն ձեզ, սիրելինե՜ր:ՀՀ ոստիկանության պետ Վահե ՂԱԶԱՐՅԱՆ»։
