00:00:00

Քաղաքացիական շարժումը կազմակերպված եւ քաղաքակիրթ զարգացման ճանապարհով վերաճեց համաժողովրդական շարժման․ նախագահ

16:32, 26 ապրիլ 2018

Հանրապետության նախագահի ուղերձը   Հանրապետության նախագահն ապրիլի 25-ի ողջ օրվա ընթացքում խորհրդակցություններ անցկացնելով քաղաքական ուժերի եւ հասարակական-քաղաքական գործիչների հետ՝ այսօր առավոտյան կատարել է հետեւյալ գրառումը.   Սիրելի հայրենակից, Մեր երկրում վերջին օրերի բուռն զարգացումներն աննախադեպ երեւույթ են: Այն, թե ինչպես քաղաքացիական շարժումը կազմակերպված եւ քաղաքակիրթ զարգացման ճանապարհով վերաճեց համաժողովրդական շարժման, համայն հայության համար հպարտության առարկա է: Հայաստանի պատմության մեջ ունենք այլեւս նոր էջ: Մենք ապրում ենք Նոր Հայաստանում: Հայաստան, որտեղ յուրաքանչյուր հայաստանցի եւ աշխարհասփյուռ հայությունն իր ուժն ու եռանդը պետք է դնի երկրի զարգացման համար: Հայաստան, որին մատնացույց են անելու աշխարհում՝ ժողովրդավարության, կառավարման, քաղաքացիական հասարակության, մշակույթի, գիտության ու տնտեսության զարգացման առումով: Հայաստան, որտեղ հայը տեսնելու է իր եւ իր սերունդների ապագան: Հայաստան, որը սիրելու է յուրաքանչյուր հայ՝ պետական այրն ու շարքային քաղաքացին: Հայաստան, որը լինելու է իմ եւ քո երազանքների Հայաստանը: Այս իրողությունը ժխտելը քաղաքական կարճատեսություն կլինի: Այնպես, ինչպես Սերժ Սարգսյանը սթափ գնահատականով բացեց Նոր Հայաստան տանող դարպասը, նույն կերպ քաղաքական բոլոր ուժերը, հատկապես՝ Ազգային ժողովում ներկայացված, պետք է համերաշխաբար հարթեն այդ ճանապարհը՝ առաջնորդվելով Սահմանադրությամբ: Մենք բոլորս պարտավոր ենք հավուր պատշաճի իրագործել այն պատմական առաքելությունը, որը մեզ բաժին է հասել, եւ մեր ազգի համար այս բախտորոշ պահին անել այդ քայլը: Ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող քաղաքական ուժերը պետք է միասնաբար երկիրն առաջնորդեն այս ճանապարհով: Ես համոզված եմ, որ հազարամյակների ընթացքում կուտակված ազգային խոհեմությունը թույլ չի տա բաց թողնել այս պատմական պահը: Հպարտ եմ, որ տեսնում եմ այօրվա Հայաստանը, եւ ուրախ, որ ապրելու եմ վաղվա հզոր, միասնական, արդար եւ ծաղկող Հայաստանում: Բարի լո՛ւյս, Հայաստան: Բարի լո՛ւյս, Հայաստանի հպարտ քաղաքացի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր