Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը «թռավ» բանակցություններից, խախտելով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունը: Ավելին վարքաբեկված ՀՀԿ-ականներից միայն ժիլետով տարբերվող Կարապետյանը նպատակ է ունեցել երկրում արտակարգ դրություն հայտարարել: Սրա մասին, երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Այն, որ Կարապետյանը զբաղված է մանր ժուլիկությամբ եւ իր քայլերով պարզապես ժամանակի վրա է խաղում, անդրադարձել էինք մեր նախորդ հրապարակումներից մեկում:
Հայաստանի բնակչության զգալի հատվածը մերժեց Կարեն Կարապետյանին Մոսկվայից Հայաստան բերող Սերժ Սարգսյանին: Չենք խոսում քաղաքական այն ուժերի մասին, ովքեր ժողովրդի հաղթանակի ֆոնին են հայտնվել հրապարակում: Խոսքը պայքարող ու ազնիվ քաղաքացու մասին է: Կարեն Կարապետյանը պետք է, որ հստակ գիտակցի, որ ժամանակը նրա դեմ է, ավելին նրան մերժում է ոչ միայն ժողովուրդը, այլ ՀՀԿ-ի զգալի հատվածը եւս:
Արտակարգ դրություն մտցնելու Կարապետյանի նպատակը ձախողվեց: Այս ֆոնին ուշագրավ է դառնում ՀՀ ոստիկանապետ Վոլադիմիր Գասպարյանի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում էր. «Չեմ ցանկանում գնահատական տալ կողմերին ու նրանց գործողություններին. ոստիկանությունը վերքաղաքական կառույց է և դուրս է քաղաքական զարգացումներից: Առավել ևս` հստակ գիտակցում ենք, որ խոսքը ոչ թե այս կամ այն կողմի «ճշտի», այլ Ճշմարտության մասին է, որը բացարձակ արժեք է և անքննելի, ինչպես որ անքննելի է ոստիկանության դերը մեր հասարակության կյանքում»: Ոստիկանապետին ըստ էության խոշոր հաշվով հաջողվել է թույլ չտալ, որ ոստիկանությանն «այս կամ այն կողմ չքաշեն»: Դրա շնորհիվ Երեւանում այս բուռն օրերին առայժմ հաջողվեց խուսափել խոշոր բախումներից ու աղետներից:
Իսկ Կարապետյանի հեռացումն ավելի քան անխուսափելի է, եւ դատելով զարգացումներից կարելի է արձանագրել, որ Սերժ Սարգսյանն ավելի արժանապատիվ հեռացավ, քան կլինի ժիլետով Կարապետյանի հեռացումը:
Կարեն Կարապետյանն ու նրան սատարող ռուսական օլիգարխիան Հայաստանում չպետք է լինեն իշխանության: Հակառակ դեպքում Հայաստանում տեղի ունեցածը կլինի ոչ թե իշխանափոխություն, այլ անձերի փոփոխություն:
Irakanum.am