Համաժողովրդական շարժմանը միացել են կուսակցություններ, որոնք ընդամենը օրեր առաջ վստահեցնում էին, որ որեւէ փոփոխություն տեղի չի ունենալու եւ որ հնարավոր չէ երկրում իշխանափոխություն անել: Հիմա սակայն իրար հերթ չտալով Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո վազում են հրապարակ, հայտարարելով, թե միանում են ժողովրդին եւ համաժողովրդական շարժմանը: Համաժողովրդական շարժմանն են միացել նաեւ պատգամավորներ, ովքեր նույնիսկ կողմ էին քվեարկել Սերժ Սարգսյանի թեկնածությանը:
Irakanum.am-ը ներկայացնում է համաժողովրդական շարժմանը նախ չմիանալու, հետո արդեն միանալու որոշ կուսակցությունների ներկայացուցիչների նախկինում եւ այսօր արդեն արված հայտարարություններից հատվածներ:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյան 19.03.2018 թվական
«Մենք գտնում ենք, որ եթե ժամանակին ասել ենք, որ մարդկանց չի կարելի տանել հերթական պարտության, չի կարելի կրկնել 20-25 տարվա ընդդիմության կողմից թույլ տրված սխալները, որի մասին բոլորս ենք խոսել, եւ՛ բոլորս փորձել ենք, եւ՛ ուրիշների սխալների վրա սովորել, եւ՛ մեր սխալների վրա սովորել: Մենք այդ համոզմանն ենք, որ չի կարելի, բայց եթե ուժերից մեկն ունի մի ծրագիր, որը չի տանում հիասթափության, ես չեմ ուզում, որ դրա հնարավորությունը սահմանափակվի: Մարդիկ կան հավատում են ինչ-որ բաների, որոնց մյուսները չեն հավատում: Հետեւաբար՝ մյուսները, ովքեր չեն հավատում, պետք է հարգեն նրանց, ովքեր հավատում են: Եվ նրանք, ովքեր հավատում են, պետք է հարգեն նրանց, ովքեր չեն հավատում»:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյան 25.04.2018 թվական
Կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջով տեղեկացնում է, որ այսօր իրենք եւս միանում են համաժողովրդական շարժմանը:
«Այսօր՝ ժամը 11:00-ին, Լուսավոր Հայաստան կուսակցությունը կլինի հանրապետության հրապարակում եւ կմասնակցի համաժողովրդական շարժման գործընթացին: Հայաստանի հանրապետական կուսակցությունը կորցրել է ժողովրդի վստահությունը եւ վերջինիս կողմից որեւէ անձի առաջադրումը վարչապետի պաշտոնում անընդունելի է եւ պետք է կանխվի»,- գրել է նա:
«Հանրապետություն» կուսակցությունը եւս չմիացավ շարժմանը: Կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը միայն ապրիլի 16-ին եկավ Բաղրամյան պողոտա, սակայն հայտարարեց, որ չի միացել շարժմանը: «Այստեղ ենք գտնվում, որովհետեւ քաղաքացիների նկատմամբ բռնություն է կիրառվել»: Արամ Սարգսյան 16.04.2018 թվական:
«Պայքարի այս փուլում, երբ դրված է Հայաստանի ինքնիշխանության և անկախության հարցը, «Հանրապետություն» կուսակցությունն իր բոլոր ուժերով և հնարավորություններով մասնակցելու է բողոքի ակտիվ գործողություններին»,- ասված է կուսակցության տարածած հայտարարությունում։ «Հանրապետություն» կուսակցություն 25.04.2018 թվական:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյան 16.04.2018 թվական
Երեք հոգի հավաքվում են, ասում են՝ ժողովուրդը, քանի՞ մարդը պետք է համարենք ժողովուրդ: Հերիք ա էդ բառն էդպես հանգիստ օգտագործենք: Ժողովու՜րդ...
Ապտակին ապտակ, բռունցքին՝ բռունցք:
Սովորեք ինքնապաշտպանվել:
25.04.2018 թվական ՀՅԴ-ն դադարեցնում է ՀՀԿ-ի հետ կոալիցիան: Նույն օրը ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը հայտարարում է, որ նախատեսում են հանդիպում ունենալ Նիկոլ Փաշինյանի հետ:
Լինելու է արժանապատիվ քվեարկություն. Նաիրա Զոհրաբյանը՝ «Ծառուկյան» դաշինքի՝ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի քվեարկության մասին: 13.04.2018
Ժողովուրդ, բոլորս դեպի հրապարակ: Ռեժիմի դիմադրությունը կոտրելուն մնացել է մեկ քայլ:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան 25.04.2018 թվական
Շարունակելի...