ՌԴ ԱԳ նախարար Մարիա Զախարովան դեկտեմբերի 24-ին կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին՝ մասնավորապես շեշտելով ՄԱԿ-ի և ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելությունների՝ տարածաշրջան այցի կարևորությունը:
«ՄԱԿ-ի ղեկավարությունը որոշում է կայացրել համալիր գնահատման առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Առաքելությանը մասնակցելու են հումանիտար գործակալությունների փորձագետներ, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակին և գնահատեն բնակիչների կարիքները: Ներկա պահին քննարկվում են տվյալ առաքելության այցի նախապատրաստման չափորոշիչները: Մենք օգտակար և պահանջված ենք համարում բոլոր տուժած անձանց տրամադրվելիք հումանիտար աջակցության ակտիվացումը՝ կողմերի հետ համաձայնեցմամբ»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ ռուսական նախարարություններն ու գերատեսչությունները նման աշխատանքի մեկնարկը տվել են նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության հրապարակումից անմիջապես հետո:
«Եվ մենք ողջունում ենք նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ զինված հակամարտության պարագայում մշակութային արժեքների պահպանության մասին 1954 թվականին ընդունված կոնվենցիայի մասին արձանագրությունն ու տարածաշրջան անկախ տեխնիկական փորձագիտական առաքելություն ուղարկելու պատրաստակամությունը: Ելնում ենք այն հանգամանքից, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդասիրական առաքելությունը կկարողանա օբյետիվ գնահատական տալ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում մշակութային ժառանգության կառույցների վիճակի վերաբերյալ», -հավելել է դիվանագետը: