«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարություն է տարածել Սյունիքի մարզի անվտանգության մարտահրավերներին դիմակայելու վերաբերյալ:
«Դեռևս դեկտեմբերի 5-ին հայտարարել էի, որ մեզ անհրաժեշտ է թարմացնել մեր իրավապայմանագրային հենքը՝ կնքելով նոր անվտանգային բնույթի պայմանագիր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ, որից հետո տեղի ունեցան Սյունիքի հայտնի դեպքերը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորները փաստահավաք այց կատարեցին Սյունիքի մարզի այն համայնքներ, որոնց սահմաններին, պատերազմի արդյունքում, անթույլատրելիորեն մոտ են դարձել Ադրբեջանի զինված ուժերի դիրքերը։
Ամփոփելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների այցը Սյունիքի մարզ՝ հարկ ենք համարում անդրադառնալ մի շարք հարցերի։ Առանցքային հարց է, թե ինչպիսի՞ն պետք է լինի Ռուսաստանի Դաշնության հետ մեր նոր անվտանգային պայմանագիրը, որն առաջարկվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից կամ ինչպե՞ս ռուսական նոր ռազմաբազան կապահովի Սյունիքի անվտանգությունը։
Արցախյան 2020թ. պատերազմն էականորեն փոփոխության է ենթարկել Հարավային Կովկասում առկա գեոպոլիտիկ դրվածքները, կոտրել Հայաստանի՝ վերջին 26 տարիների ընթացքում ունեցած անվտանգության համակարգը։ Ռազմաքաղաքական զսպումների և հակակշիռների մեխանիզմները, որոնք սկսած 1994թ. Բիշքեքյան արձանագրությունից թույլ էին տալիս կա՛մ զսպել կոնֆլիկտի կողմերին պատերազմի թեժ ընթացքից, կա՛մ արագ «մարել» կոնֆլիկտի էսկալացիան (ինչպես 2016թ. ապրիլին), թուրք-ադրբեջանական կործանիչ հարվածի տակ հայտնվեցին, և, որպես 44-օրյա անընդմեջ դաժան ռազմական գործողությունների արդյունք, խլեցին հազարավոր մարդկային կյանքեր, խեղեցին տասնյակ հազարավոր զինծառայողների և քաղաքացիական անձանց առողջությունը, անօթևան թողեցին տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների, սպառնալիքի տակ թողեցին նոր քաղաքներ և այլ տարածքներ։
Անկասկած, Ռուսաստանի Դաշնությունը, ի դեմս երկրի բարձրագույն ղեկավարության, որոշիչ դեր է խաղացել ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում։ Հայ ժողովուրդը գնահատում է ու խորապես շնորհակալ է նրա համար, թե ինչ հաստատուն կերպով ռուս խաղաղապահը կանգնեց մեր զինվորների և բնակչության կողքին։
Այդ իսկ պատճառով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո հայտարարեց ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի համար անվտանգության նոր մեխանիզմների ներդրման, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև խորացված ռազմաքաղաքական համագործակցության նոր պայմանագրի կնքման անհրաժեշտության մասին։
Մեր խմբակցության կողմից վերջերս երկրի հարավ կատարված այցի և Սյունիքում բնակվող մեր հայրենակիցների հետ շփումների արդյունքում՝ մենք հասկացել ենք, որ քաղաքացիներն ունեն լուրջ մտավախություններ՝ կապված նրա հետ, որ թշնամին կարող է ոտնձգել իրենց բնակավայրեր, քանի որ սահմանն արդեն չափազանց մոտ է իրենց համայնքներին։
Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է միևնույն անվտանգային գոտում, ինչ Ռուսաստանի Դաշնությունը՝ առկա ռազմաքաղաքական պայմանագրային բազայի գործողության պայմաններում, մասնավորապես՝ Հավաքական անվտանգության պայմանագիրը և 5 միջպետական պայմանագրերը։
Մենք առաջարկում ենք Հայաստանի և Ռուսաստանի միջև խորացված ռազմաքաղաքական փոխգործակցության մեկ լայն պայմանագրում միավորել հետևյալ միջպետական պայմանագրերը՝ ժամանակակից ռիսկերի և սպառնալիքների վերագնահատմամբ, ինչը կնշանակի թղթին հանձնել այն իրողությունները, որոնք այժմ փաստացի առկա են հողի վրա.
- Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց գործունեության պայմանների մասին պայմանագիր (1992թ.),
- Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիր (1997թ.),
- Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքերի (ուժերի) կիրառման համատեղ պլանավորման հարցերի մասին համաձայնագիր (2000թ.),
- Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր (2015թ.),
- Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին համաձայնագիր (2016թ.)։