Հիշեցնենք, որ Հայաստանը նվաճել էր 2 մեդալ: 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը նվաճել էր արծաթե, իսկ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը՝ բրոնզե մեդալ:
«Մենք այս մրցումներին շատ երկար սպասեցինք: Անընդհատ հետաձգվեցին բոլոր մրցաշարերը և վերջնական անվանվեց աշարհի անհատական գավաթի խաղարկություն: Փորձեցինք լավագույնս մասնակցել: Նախապաստրաստական փուլը մեր նախագծած ձևով չի անցել: Պլանավորել էինք մասնակցել միջազգային մրցաշարի, որից հետո արտերկրում հավաք պետք է անեինք, սակայն պատերազմի պատճառով չկարողացանք իրականցնել մեր պլանները: Մրցումներից առաջ դա շատ կարևոր էր: Երկրից չկարողացանք դուրս գալ և ստիպված էինք պատրաստվել այնպես, ինչ ունեինք մեր ձեռք տակ:
55 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն Ռուդիկ Մկրտչյանի մասնակցությունից պարզ դարձավ, որ ինքը լիարժեք պատրաստ չէր: Չկարողացավ լիովին մտնել հունի մեջ և մեզ չգոհացրեց:
60 կգ քաշային կարգում մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն Արմեն Մելիքյանը նույնպես մեզ չգոհացրեց՝ առաջին գոտեմարտում պարտվելով:
63 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը փոխել էր քաշային կարգը: Նախապատրաստական փուլում կորոնավիրուսով էր վարակվել: Ապաքինվեց, անցավ հավաքը, բայց մրցումների ընթացքում 2-րդ գոտեմարտում թեթև վրիպում արեց, միավոր տվեց մրցակցին ու չհասցրեց հաղթելու համար միավորներ վաստակել: Բայց ընդհանուր առմամբ նրանից գոհ ենք:
67 կգ քաշային կարգում 2019-ի ԱԱ-ի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը մասնակցեց հնարավորություններից ցածր, քանի որ ավելին էինք սպասում: Երրորդ տեղի գոտեմարտը լավ անցկացրեց ուկրաինացի ըմբիշի հետ: Դրսևորեց իրեն ու նվաճեց բրոնզե մեդալ:
72 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը շատ մեծ վերելքով անցկացրեց մրցաշարը: Ինքը բարդ մրցակիցներ ուներ: Մինչև եզրափակիչ շատ լավ գոտեմարտեր արեց: Եզրափակիչում աշխարհի չեմպիոն հունգարացու հետ գոտեմարտն ամբողջությամբ Մալխաս Ամոյանի առավելությամբ էր, սակայն այդ գոտեմարտում շտապողականությունը խանգարեց Ամոյանին և հնարքը չկատարելով մինչև վերջ՝ միավոր չվստակեց: 1 րոպե 46 վայրկյան կար հաշիվը 1:1 էր: Ինքն ամեն ինչ արեց, բայց մրցավարները չնկատեցին մրցակցի պասիվությունը ու եզրափակիչում հաղթանակը մեզ չտվեցին: Հետագայի համար ինքը պատրաստ է հաղթանակներ ունենալու:
77 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը կատարեց 5 գոտեմարտ: Ուժեղ մրցակիցներ էին: Օլիմպական չեմպիոնի Վլասովի հետ լավ գոտեմարտ անցկացրեց, սակայն էլի մրցավարության պատճառով հաղթանակը մեզ չշնորհվեց: 3-րդ տեղի համար սերբ աշխարհի չեմպիոնի հետ գոտեմարտն էր: Մենք ցանկանում էինք, որ Չալյանը լավ գոտեմարտ անցկացնի, որպեսզի հաղթանակը շնորհվեր իրեն, քանի որ սերբը գոտեմարտում էր տանը: Կարապետն արեց ամեն ինչ, բայց կրկին մրցավարական կողմնապահություն էր, և նա գրավեց 5-րդ տեղը:
82 կգ քաշային կարգում Ռուբեն Ղարիբյանը լավ չմասնակցեց: ԵրևԻ փորձի պակասն էր ու լարվածություն կար իր մոտ: Կարող էր ավելի լավ մասնակցել:
87 կգ քաշայի կարգում փորձառու Արթուր Շահինյանն էր: Կարծես հաղթած գոտեմարտ էր, սակայն վերջին վայրկյաններին անփությության արդյունքում բաց թողեց միավոր ու հավասար միավորներով պարտություն կրեց:
97 կգ քաշային կարգում Արթուրն Ալեքսանյանն էր: Մրցումներին լիարժեք պատրաստվում էինք և այստեղից գնալուց զգացվեց, որ իր մոտ սկսվում է գրիպային վիճակ: Տեղում մտածում էինք, որ կարող է կորոնավիրուս լինի: Այստեղ թեստ տվել էինք, մի հատ էլ այնտեղ տվեցինք, ու բացասական էր, բայց գրիպը խորանում էր: Տեղում որոշեցինք, որ այնուամենայնիվ եկել հասել ենք պետք է գոտեմարտել: Մրցավարության պատճառով ամեն ինչ խառվեց իրար, Արթուրի նյարդերն էլ տեղի տվեցին: չեմ ուզում շատ կենտրոնանալ մրցավարության վրա: Գոտեմարտն ավարտվեց 1:5 հաշվով, բայց էլ չշարունակեցինք մրցաշարը, քանի որ նա ի վիճակի չէր: Ավելի լավ է հիմա ապաքինվի, որպեսզի հաջորդ տարի նորմալ մասնակցի մրցումներին:
Մինչև 130 կգ քաշային կարգում մասնակցեց Հայաստանի չեմպիոն Դավիթ Օվասափյանը ու լավ դրսևորեց իրեն: Բոլորիս համար անակնկալ էր: Փորձառու մրցակիցների հետ գոտեմարտեց ու լավ տպավորություն թողեց, սակայն կրկին փորձի պատճառով վերջին 3 վայրկյանի ընթացքում միավոր տվեց մրցակցին ու պարտվեց: Նշեմ, որ Թիմային հաշվարկով էլ գրավեցինք 6-րդ տեղը և սա վատ արդյունք չէ»,-ասաց Ալեքսանյանը: