00:00:00

Կիլոմետրով տարածք անցնում է թուրքին. ո՞վ է վերջապես տեր կանգնելու Հայաստանի Հանրապետությանը. Գորիսի ղեկավարի տեղակալ

13:12, 18 դեկտեմբեր 2020

Ամեն օր տեղեկանում ենք, որ խոսքը չի վերաբերում ՀՀ պետական սահմանին, բայց մինչեւ օրս պատասխան չենք ստացել՝ ո՞րն է Սյունիքի պետական սահմանը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Սյունիքում բողոքի ակցիա իրականացնելիս լրագրողների հետ զրույցում նշեց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը։ Նշենք, որ այս պահին սյունեցիները Սյունիքի մարզի Քարահունջ համայնքում են։ Նրանք պահանջում են չեղարկել՝ Կապանի դիրքերը թշնամուն հանձնելու ՀՀ ՊՆ-ի որոշումը։ «Այն գործիքակազմը, որն օգտագործում է իշխանությունը՝ սահմանագծման վերաբերյալ, դա թուրքերի որդեգրած սկզբունքն է եւ դրանով է իրականացվում։ Այդ պատճառով էլ մեր բողոքի ձայնն ենք բարձրաձայնում եւ չենք համաձայնվում։ Սյունիքի մարզը գտնվում է վտանգի տակ։ Այս պրոցեսի՝ շարունակական լինելու դեպքում միանշանակ կկորցնենք Սյունիքը։ Մենք չենք պատրաստվում այս ծախված գործընթացի մասնակիցը լինել»,- նշեց Մենուա Հովսեփյանը։ Հարցին, ըստ իրենց, ո՞րն է այս հարցի լուծումը, Մենուա Հովսեփյանն ասաց. «Քանի որ Կառավարությունը չի տիրապետում իրավիճակին եւ չի կարողանում այս գործընթացը կառավարման տակ պահել, անհապաղ պետք է հեռանա եւ ղեկը հանձնի այնպիսի մարդու, որը պատրաստ է պատասխանատվություն ունենալ այդ հարցի լուծման համար։ Այսինքն՝ գլխավոր ճանապարհը, որի վրա մենք հիմա կանգնած ենք, որը Հայաստանը կապում է Պարսկաստանի հետ, վտանգված է։ Կիլոմետրերով տարածքներ անցնում են թուրքին։ Ո՞վ է երաշխավորելու անվտանգությունը։ Ո՞վ է վերջապես տեր կանգնելու Հայաստանի Հանրապետությանը»։ Հիշեցնենք, որ նախօրեին սյունեցիները փակել էին Որոտանի հատվածում Մ2 մայրուղին, եւ Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհը։ Նրանք հանդիպում էին պահանջում Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ, որպեսզի հստակ պարզաբանեն, թե ի՞նչ է սպասվում է Սյունիքի սահմաններին։ Ըստ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի՝ ՀՀ ՊՆ-ից հրաման էր իջեցվել, որ մինչեւ ժամը 17։00-ն Սյունիքի մարզի Կապան քաղաքի բոլոր դիրքերը հանձնվում են թշնամուն։ Օրվա ընթացքում բնակիչների հետ հանդիպման էր եկել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, որպեսզի համոզի ճանապարհները բացվեն, սակայն նրան չէր հաջողվել։ Ավելի ուշ, ՊՆ-ից հայտնել էին, որ նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Սյունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ եւ  ասել, որ սահմանը ճշգրտվում է երկու կողմերի բարձրաստիճան սպաների ներկայությամբ, եւ որ ՀՀ տարածքից որեւէ մետր չի զիջվելու։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր