00:00:00

Երկխոսությունը ոչ միայն հնարավոր է, այլ անհրաժեշտ. նախարարը՝ բանակցությունները շարունակելու մասին

16:54, 23 ապրիլ 2018

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բանակցությունները շարունակելու հնարավորություն միշտ է տեսնում: Նրա խոսքով՝ դա ոչ միայն հնարավոր է, այլ անհրաժեշտ: «Շարունակելու հնարավորություն միշտ տեսնում եմ, ես միշտ համարում եմ, որ երկխոսությունն ավելի կարևոր ու դրական է, քան ցանկացած լարվածություն: Ես առհասարակ համարում եմ՝ անթույլատրելի է, որ հայը հայի դեմ դուրս գա որևէ ձևով՝ փողոցում, ոստիկանության միջոցով: Ես կարծում եմ, որ երկխոսությունը ոչ միայն հնարավոր է, այլ անհրաժեշտ է: Փառք Աստծո ոչ մի կարմիր գիծ անցած չէ որևէ կողմից»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարար Վիգեն Սարգսյանը: Նախարարը նկատեց, որ հայ ժողովուրդը սթափ ու բանական է և ի վիճակ է իր խնդիրները լուծել բանական ձևով: Նրա խոսքով՝ անկախ Հայաստանի պատմության ընթացքում բոլոր նմանատիպ իրավիճակներն անհետևանք չեն մնում, դրանք անմիջականորեն նպաստել են ժողովրդավարության ուղին բռնած Հայաստանի կերտմանը։ «Եթե մենք նայենք անկախ Հայաստանի պատմության անցած փորձին, մենք կտեսնենք, որ որևէ լարվածություն անհետևանք չի անցել: Որքան էլ մեզ թվա, որ «էլեկտրիկ Երևանն» անցավ անհետևանք, նույնիսկ ավելի ծայրահեղական դաշտից՝ «Սասնա ծռերի» միջադեպն անցավ անհետևանք, մարտի 1-ի ողբերգական դասերով, բայց այդ դասերը չսերտված, դա այդպես չի: 96-ի ցույցերը, Ազգային ժողով ներխուժումը, այն ամենն, ինչ եղավ Լևոն Տեր Պետրոսյանի հրաժարականի ժամանակ, դրանք հետևանք են թողել: Մի կողմից սպիներ, որոնք երևի անխուսափելի են եղել, մյուս կողմից՝ լուրջ ներազդեցություն մեր ժողովրդավարական համակարգի առաջընթացի վրա»,-հավելեց պաշտոնյան: Նա նկատեց, որ այն օրենսդրությունը, որն այսօր որոշ մարդիկ «մտցնում են ոստիկանության աչքը», ձևավորվել է մարտի 1-ի դեպքերից հետո՝ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ: Դրա արդյունքում, ըստ նախարարի, Հայաստանի օրենսդրությունը երբեմն ավելի առաջադիմական է, քան հենց այն երկրներինը, որտեղից վերցվում է, քանի որ ընտրվում է միջազգային լավագույն փորձը: ՊՆ-ն այս գործընթացից ամենակարևորը համարում է այն դասերը, որ պետք է քաղել, և այն ներազդեցությունը, որ պետք է ունենա բնականոն կյանքի հետագա փուլերի վրա: «Ես կարծում եմ լուծումը մեկն է: Իրոք հպարտ եմ նրանով, որ մեր քաղաքական դաշտում հայտնվում են մարդիկ, ովքեր շատ սթափ են, ու, անկախ իրենց քաղաքական նախասիրություններից, կարողանում են էմոցիաներից վեր կանգնել ու ճիշտ ուղղորդել կողմերին»,-ասաց Վիգեն Սարգսյանը՝ կոչ անելով լարված վիճակում էմոցիոնալ քայլերից զերծ մնալ, սթափ ու հանգիստ դատել: Նա ողջունեց ապրիլի 22-ի Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ բեմահարթակին կանգնած երիտասարդների՝ որոշ քաղաքական գործիչներին հարթակ չտրամադրելու քայլը: «Ահավորը միավորներ հավաքելու ցանկությունն է: Այդ իմաստով ինձ հետաքրքրեց հրապարակում կանգնած տղաների մոտեցումը չթողնել քաղաքական գործիչներին օգտագործել հարթակը, դա մի բան արժեր՝ անկախ նրանից, որքանով համաձայն չեմ նրանց բարձրացրած հարցերի հետ»,-եզրափակեց ՀՀ ՊՆ-ն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր