00:00:00

Տիգրան Բարսեղյան. Պատմություն կերտեցինք ու այս դժվար պահին կարողացանք գոնե մի փոքր ուրախացնել մեր ազգին

14:30, 12 դեկտեմբեր 2020 Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը վերջին տարիներին գրեթե յուրաքանչյուր մրցաշրջանում ավելացնում է խաղային առումով: Այս տարի նա Հայաստանի հավաքականի կազմում մեծ դերակատարում ունեցավ Ազգերի լիգայի հաղթական մրցաշրջանում, իսկ Ղազախստանի ավարտված առաջնությունում լավագույններից մեկն էր և հայտնվեց մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում: Ազգերի լիգայի խմբային փուլում 27-ամյա հարձակվողը դարձավ մեկ գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: Գոլային փոխանցումների ցուցանիշով նա լավագույնն էր ամբողջ մրցաշարում: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Տիգրան Բարսեղյանն ամփոփել է Ազգերի լիգայի հաղթական մրցաշրջանը և խոսել տարբեր թեմաներից: «Այս տարվա ամենակարևոր իրադարձություններից մեկն այն էր, որ պատմություն կերտեցինք ու այս դժվար պահին կարողացանք գոնե մի փոքր ուրախացնել մեր ազգին: Գուցե շատերի համար դա անակնկալ էր, բայց ոչ մեր՝ ֆուտբոլիստներիս համար: Յուրաքանչյուր հանդիպմանը բոլորս նվիրվում ու հավատում ենք և խաղում մեկս մյուսի համար»,- նշեց ֆուտբոլիստը: Մեկնաբանելով 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը՝ Տիգրան Բարսեղյանը նշեց, որ հաջողության համար անհրաժեշտ են 2 գործոններ. «Եթե խաղանք նույնպիսի նվիրվածությամբ և հաջողությունն էլ մեր կողմը լինի, ապա կարող ենք հասնել լավ արդյունքի»: Հաջող մրցաշրջանից հետո Բարսեղյանն այլ ակումբներից առաջարկների պակաս չունի, սակայն դեռ չի մտածում «Աստանայից» հեռանալու մասին: «Եվս մեկ տարվա պայմանագիր ունեմ «Աստանայի» հետ և ցանկանում եմ օգնել թիմին դառնալ Ղազախստանի չեմպիոն, ինչպես նաև հանդես գալ եվրագավաթների խմբային փուլում: Իսկ թե ինչպես կդասավորվի հաջորդ տարին, չեմ կարող ասել: Այս պահին հանգստանում եմ և փորձում եմ քիչ ժամանակ անցկացնել բջջային հեռախոսի մեջ: Սակայն կարող եմ ասել, որ բավական շատ են թիմերը, որոնք ցանկանում են ինձ տեսնել իրենց կազմում»,- նշեց հարձակվողը: Վերջին տարիներին մի շարք հայ ֆուտբոլիստներ են տեղափոխվում Ղազախստան: Տիգրան Բարսեղյանի խոսքով, այնտեղ լավ կարծիք է ձևավորվել հայ ֆուտբոլիստների մասին: «Ինձանից առաջ Ղազախստանում խաղացած հայ ֆուտբոլիստները շատ մեծ անուն են թողել: Մենք շարունակում ենք նրանց գործը: Կարծում եմ՝ այստեղ շատ լավ են ճանաչում հայ ֆուտբոլիստներին և հետևում են նրանց խաղին»,- ասաց Բարսեղյանը: Հոկտեմբերին «Աստանայի» գլխավոր մարզիչ էր նշանակվել Ռուսաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Տիխոնովը: Տիգրան Բարսեղյանը պատմեց, որ ռուս մասնագետն իր համար ավելին է, քան պարզապես մարզիչ: «Առաջին հերթին, Անդրեյ Տիխոնովը հրաշալի անձնավորություն է ու մեծատառով մարդ: Նա կարծես մեծ եղբոր պես լինի ինձ համար: Նա այն մարզիչներից է, որի համար ֆուտբոլիստը պատրաստ է ամեն ինչի»,- նշեց ֆուտբոլիստը: 2021 թվականին Տիգրան Բարսեղյանի գլխավոր նպատակները ֆուտբոլում երկուսն են. «Հայաստանի հավաքականի հետ հաղթահարել աշխարհի առաջնության ընտրական փուլի արգելքը, ինչպես նաև «Աստանայի» կազմում դառնալ «Ղազախստանի» չեմպիոն»,- խոսքը եզրափակեց հարձակվողը:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր