00:00:00

Էրդողանն ու Պուտինը քննարկել են ԼՂ-ում հրադադարի մոնիթորինգի համատեղ կենտրոնի ստեղծման հարցը

00:14, 25 նոյեմբեր 2020 Աշխարհ

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում հրադադարի մոնիթորինգի կենտրոնի ստեղծման հարցերը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով թուրք ղեկավարի վարչակազմին:
Վերջինիս գրասենյակի հաղորդագրության մեջ նշվում է, որ Էրդողանը Պուտինի հետ զրույցում հայտնել է, որ «Ղարաբաղում ճգնաժամի լուծման և տարածաշրջանում կայունության ապահովման համար ձեռնարկվող քայլերի շրջանակներում անհրաժեշտ է, որ մոնիթորինգի համատեղ կենտրոնը, որն ստեղծվելու է Ռուսաստանի հետ, հնարավորինս շուտ սկսի իր աշխատանքը»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր  ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր