00:00:00

Խամենեիի խորհրդական. ԱՄՆ-ի հարձակումը Իրանի վրա կարող է «լայնամասշտաբ պատերազմ» հրահրել

10:25, 20 նոյեմբեր 2020 Աշխարհ

Իրանի դեմ ԱՄՆ հարձակումը կարող է «լայնամասշտաբ պատերազմ» հրահրել նախագահ Թրամփի պաշտոնավարման վերջին շաբաթներին: Այս մասին Associated Press-ին տված հարցազրույցում ասել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Հուսեյն Դեհգանը: «Սահմանափակ մարտավարական բախումը կարող է վերածվել լիարժեք պատերազմի»,- ասել է Դեհգանը: «Միանշանակ, Միացյալ Նահանգները, տարածաշրջանը եւ աշխարհը չեն կարող դիմանալ նման համապարփակ ճգնաժամին»: Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ Թրամփը Օվալաձեւ կաբինետում հանդիպում է անցկացրել, որպեսզի քննարկի Իրանին ռազմական հարված հասցնելու տարբերակները՝ նրա միջուկային ծրագիրը դադարեցնելու համար: Դրանից մեկ օր առաջ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հաղորդել էր, որ Թեհրանում ուրանի պաշարները 12 անգամ գերազանցում են միջուկային այն համաձայնագրով թույլատրվածը, որից ԱՄՆ-ը դուրս է եկել 2018թ.։ Հաղորդվում է, որ փոխնախագահ Փենսը, պետքարտուղար Մայք Պոմպեոն, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերը եւ Շտաբերի պետերի միացյալ կոմիտեի գեներալ Մարկ Միլլին խորհուրդ են տվել նախագահին զերծ մնալ հարվածից:
«Մենք չենք ողջունում ճգնաժամը: Մենք չենք ողջունում պատերազմը: Մենք չենք պատրաստվում պատերազմ սկսել»,- ասել է Դեհգանը: «Բայց մենք չենք ուզում բանակցություններ հանուն բանակցությունների»: Իրանի նախագահի հավանական թեկնածու Դեհգանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները չեն առնչվի բալիստիկ հրթիռներին, որոնք «զսպող գործոն» են Թեհրանի հակառակորդների համար: «Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի պարագայում ոչ մեկի հետ չի բանակցի իր պաշտպանական հզորության շուրջ»,- ասել է նա: «Հրթիռները մեր մասնագետների, երիտասարդության եւ արդյունաբերական կենտրոնների հսկայական ներուժի խորհրդանիշն են»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր