Ապրիլի 18-ի երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ մասնակիցները պարզել են Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, իսկ հավաքի կազմակերպիչները հայտարարել են, թե դրոշը կարել և իրենց են ուղարկել Իսպանիայի հայկական համայնքից:
Սույն տեղեկատվությունը երկու օր է լայնորեն քննարկվում է լրատվական կայքերում եւ սոցցանցերում: Irakanum.am-ը ներկայացնում է դրոշի՝ Հայաստան բերվելու եւ հանրապետության հրապարակում ծածանելու իրական պատմությունը: Իսպանիայի Վալենսիա համայնքի ներկայացուցիչ, «Հայ ասոցիացիայի» նախագահ Տիգրան Հակոբյան- Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ դրոշը կարվել է Հայաստանում ապրիլյան քառօրյա պատերազի ժամանակ: «Դրոշը տարանք Վալենսիա, որպեսզի դեսպանատների առաջ բողոքի ակցիաների ժամանակ բարձրացնենք: Հետո եկավ ապրիլի 24-ը եւ Ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ է տարվել այդ դրոշը»,- պատմեց նա:
Մի քանի օր առաջ է Տիգրան Հակոբյանը վերադարձել Հայաստան: Տեսնելով, որ ոստիկանությունը ուժ է կիրառում ցուցարարների նկատմամբ, նա դրոշը տարել է հրապարակ: «Իմաստը նա է եղել, որ նախ ծածանվի հայկական դրոշը եւ հայ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ լինեն ոչ թե փշալարեր, բարիկադներ, այլ լինի հայկական դրոշ»,- ասաց նա:
Նա նաեւ նշեց, որ ասոցացիան բարեգործական ծրագրեր է իրականացնում Հայաստանում: