«Թավշյա հեղափոխության» ալիքին են միացել նաև Սփյուռքից բազմաթիվ քաղաքացիներ. հանրահավաքը նման ելույթով մեկնարկեց քաղաքացիական ակտիվիստ Արմեն Գրիգորյանը: Նա հայտարարեց, որ իրենց միացել են նաև Արցախից, օրինակ՝ պատգամավոր Հայկ Խանումյանը: Գրիգորյանը նաև հիշեցրեց, որ այսօր նաև բիզնեսի ներկայացուցիչներ են միացել իրենց ակցիային, և հիշեցրեց, որ «Սինոփսիս» ընկերությունից այսօր հանվել են վարչապետ Սերժ Սարգսյանի բոլոր նկարները:
«Մեր ցույցներն ու երթը շատ խաղաղ են, այս սկզբունքն է միայն մեզ հաղթանակներ պարգևել: Մենք պետք է հիշեք, որ անձնական պատասխանատվություն ենք կրում և այս հեղափոխության համար և պետք է պահպանենք խաղաղ անհնազանդության սկզբունքը: Որքան էլ դռներ փակեն, փշալարեր քաշեն, զորքեր կանգնեցնեն Երևանի տարբեր մասերում,նրանք չեն կարողանալու կասեցնել այս ալիք»,- ասաց Արմեն Գրիգորյանը:
Հանրահավաքի ժամանակ խոսեց նաև տեղաշարժման սահմանափակ հնարավորություն ունեցող Արևիկ Մելքոնյանը։ Նա հայտարարեց, թե ինքն այստեղ է, քանի որ գիտի՝ Հանրապատության հրապարակում հավաքված ոստիկանները կպաշտպանեն իրեն: Նա ոստիկաններին շնորհակալություն հայտնեց իր անվտանգությունն ապահովելու համար, որի հիմքով էլ ինքը մասնակցում է խաղաղ հավաքին:
«Ես Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացի եմ, այստեղ եմ, որովհետև դժգոհ եմ այս իշխանություններից: Դժգոհ եմ, որովհետև միշտ և ամեն քայլափոխի ոտնահարվում են իմ իրավունքները: Բոլոր նրանց, ովքեր այստեղ ներկա չգտնվելը բացատրում են մի շարք պատճառներով, ասում եմ, որ եթե ես ֆիզիկապես այստեղ եմ, ապա դուք պարտավոր եք այստեղ լինել»,- եզրափակեց Արևիկ Մելքոնյանը: