00:00:00

«Որեւէ թշնամի մեզ չի կարող ծնկի բերել». Բողոքի ակցիա Բուխարեստում

20:26, 05 հոկտեմբեր 2020 Հասարակություն

Հոկտեմբերի 4-ին, Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթեւ եպս. Հակոբյանի օրհնությամբ ու հանդիսապետությամբ, Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում մատուցել է Պատարագ՝ ձեռամբ հոգեւոր հովիվ արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանի: Ռումանիայի հայոց թեմի մամլո դիվանից հայտնում են, որ ներկա էին Ռումինիայում ՀՀ Արտակարգ եւ լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, համայնքի անդամներ: Պատարագի վերջավորությանը Տաթեւ Սրբազանը կոչով դիմեց բոլոր ներկաներին՝ մասնավորապես ասելով. «Սիրելիներ, այսօր Հայաստանն ու Արցախը, Մեր Մայր Հայրենիքը կանգնած են ճակատագրական ու օրհասական դրության առջեւ: Դարձյալ դրված է լինելության եւ չլինելության հարցը: Ցեղասպան թուրքը փորձում է ավարտին հասցնել շուրջ 100 տարի առաջ սկսած ոճրագործությունը: Որեւէ հաջողության չհասնելով ռազմաճակատում, ադրբեջանա-թուրքական համատեղ ուժերը հրթիռակծում են քաղաքները, խաղաղ բնակչությանը՝ պատճառելով մարդկային կորուստներ: Դարձյալ եկել է պահը համախմբվելու եւ մեկ միասնական ճակատ կազմելու թշնամու հրոսակախմբերի դեմ: Հայի տեսակը չի կարող վերանալ: Մենք աստվածաստեղծ ժողովուրդ ենք, հայը կանգնած է համաշխարհային քաղքակրթության ակունքներում, առանց հայի աշխարհը պիտի կորցնի իր համն ու հոտը: Այսօր Մենք պայքարում ենք Մեր ինքնության, գոյության իրավունքի, Մեր Սրբությունների պաշտպանության համար: Դյուրին չէ հայ լինելը, ինչպես երջանկահիշատակ Վազգեն Ա Հայրապետն էր ասում՝ հայ լինելը հերոսություն է: Այո, սիրելիներ, հերոսություն է հայ լինելը, Մենք հերոս ժողովուրդ ենք եւ որեւէ թշնամի Մեզ չի կարող ծնկի բերել: Այսօր Արցախը, Մեր Մայր Հայրենիքը Մեր աջակցության կարիքն ունի, եկեք յուրաքանչյուրս Մեր մասնակցությունը բերենք այս սրբազան առաքելությանը: Եկեք աջակցենք Արցախին եւ հայոց փառապանծ բանակին՝ նաեւ նվիրատվություն կատարելով Հայաստան Համահայկական Հիմնադրամի հատուկ ֆոնդին, հարկ եղած պարագային մեկնենք նաեւ ռազմաճակատ եւ զենքով պաշտպանենք Մեր ազատ ապրելու իրավունքը»: Պատարագից հետո կատարվեց հոգեհանգստյան կարգ բոլոր նահատակված հերոսների հոգիների համար: Հոգեհանգստից հետո ներկաները հավաքվեցին Տաճարի բակում կանգնեցված Հայաստանի Ազգային հերոս Անդրանիկի եւ հայկական խաչքարի առջեւ, ուր կատարվաց Հանրապետական մաղթանք՝ ի զորակցություն Հայաստանի եւ Արցախի, հայոց բանակի եւ խաղաղության հաստատման համար: Ռումանիոյ հայոց թեմի, Ռումինիայում ՀՀ դեսպանության եւ Ռումինահայոց միության համատեղ ջանքերով տեղի ունեցավ բողոքի ակցիա, ուր տեղի հայ համայնքի անդամները, երիտասարդները թուրք-ադրբեջանական ագրեսիան մերժող տարբեր պաստառներով իրենց բողոքի ձայնը բարձրացրին եւ ռումին հասարակության ուշադրությունը հրավիրեցին կարեւոր այս խնդրի վրա: Խոսքով հանդես եկան Վարուժան Ոսկանյանը, Վարուժան Փամբուկչյանը, Վարդան Մարթայանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր