00:00:00

Իրանը ԼՂ հակամարտության կարգավորման ծրագիր է մշակում․ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ

19:11, 05 հոկտեմբեր 2020 Հասարակություն

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Ղաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ծրագիր է մշակում, որպեսզի Հայաստանին և Ադրբեջանին հորդորի ԼՂ տարածաշրջանում դադարեցնել զինված բախումները և բանակցություններ վարել, գրում է Tasnim News Agency-ն։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Սաիդ Ղաթիբզադեն, ընդգծելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված երկու կողմերի հետ Իրանի բարեկամական հարաբերությունները, ասել է, որ Թեհրանը փորձում է կապ պահպանել Երևանի, Բաքվի և տարածաշրջանային այլ դերակատաների հետ, որպեսզի վերջ դնի պատերազմին: Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի վերաբերյալ Երևանի և Բաքվի միջև բազմամյա վեճի ռազմական լուծումն անհնարին է՝ հավելելով, որ երկու կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն զինված բախումները և քաղաքական բանակցություններ սկսեն։ «Մենք հույս ունենք, որ երկու կողմերն էլ ձեռնպահ կմնան պատերազմի և բռնության շարունակումից»,- հավելել է նա: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 3145 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 14 մարդ։ Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր