00:00:00

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 17։00-ին, Սուրբ Գայանե վանքում կկատարվի Հանրապետական մաղթանք մեր հայրենիքի խաղաղության համար

22:19, 28 սեպտեմբեր 2020 Հասարակություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդհատելով հայրապետական այցը Իտալիայի Հանրապետություն եւ վերադառնալով հայրենիք, սեպտեմբերի 28-ի առավոտյան հանդիպել է հրավիրյալ եպիսկոպոսների եւ թեմակալ առաջնորդների հետ։ Հանդիպումը սկսվել է միասնական աղոթքով եւ Հայոց Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով։ Նորին Սրբությանը նախ զեկույցներ ներկայացվել են Արցախում տիրող իրավիճակի եւ արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով ծավալվող ռազմական գործողությունների մասին։ Իր հերթին Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկություններ է փոխանցել Վատիկանում սեպտեմբերի 27-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ կայացած հանդիպման վերաբերյալ, անդրադարձել է նույն օրը Հայաստանի եւ Արցախի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցներին։ Վեհափառ Հայրապետը տեղեկացրել է Քույր Եկեղեցիների հովվապետերին, կրոնապետերին եւ մի շարք երկրների ղեկավարներին, ինչպես նաեւ միջազգային եւ միջեկեղեցական կազմակերպությունների պատասխանատուներին ղարաբաղյան հակամարտության՝ Արդբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների վերաբերյալ գրություններ առաքելու մասին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Մայր Աթոռի կառույցների եւ թեմերի կողմից առկա կացության առնչությամբ ձեռնարկվելիք քայլերը՝ ի զորակցություն Արցախի եւ հայոց բանակի։ Թեմակալ առաջնորդներին փոխանցվելու է Նորին Սրբության թելադրությունը՝ մասնավոր հովվական խնամք եւ հոգատարություն ցուցաբերել մարտի դաշտում քաջաբար զոհված զինվորների սգացյալ ընտանիքներին, եկեղեցականների այցելություններ կազմակերպել հիվանդանոցներ՝ տեսակցելու վիրավոր զինվորներին եւ նրանց ընտանիքներին։ Կարեւոր նկատվել է թեմերում հոգեւոր հովիվների քաջալերությունը եւ զորակցությունը զինվորագրվող եւ Արցախ մեկնող կամավորական խմբերին։ Շրջաբերական առաքվելու է նաեւ սփյուռքի թեմակալ առաջնորդներին՝ հայրենիքին ըստ ամենայնի զորակցելու ցուցումներով։ Որոշվել է սեպտեմբերի 29-ին՝ ժամը 17։00-ին, Սուրբ Գայանե վանքում կատարել Հանրապետական մաղթանք մեր հայրենիքի՝ Հայաստան եւ Արցախ աշխարհի խաղաղության եւ անսասանության համար։ Ձեռնարկվելիք մնացյալ քայլերի մասին կծանուցվի առաջիկայում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր