00:00:00

Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացման պատճառով արգելել են հարսանիքները, հոբելյանները եւ հոգեհացերը

14:16, 09 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Վրաստանի իշխանությունները համաճարակաբանական իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված որոշում են ընդունել մի շարք սահմանափակումներ մտցնելու մասին, հայտնել է Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին Միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո, փոխանցում է «Sputnik-Գրուզիան»։ Վրաստանում նախօրեին սահմանվել էր կորոնավիրուսով վարակակիրների հայտնաբերման նոր հակառեկորդ՝ մեկ օրում 45 դեպք։ Նրանց մեծ մասը բաժին է ընկնում Աջարիա սեւծովյան երկրամասին, որտեղ եղել է հանգստացողների մեծ հոսք։ «Մի քանի օր առաջ մենք ներկայացրել էինք սահմանափակումների հանումը եւ թատրոնների ու կինոթատրոնների բացումը, որոնց մի մասը պետք է բացվեր սեպտեմբերի 15-ից, իսկ մի մասը՝ հոկտեմբերի 1-ից, սակայն հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը՝ որոշվել է այս օբյեկտների բացումը մեկ ամսով հետաձգել՝ մինչեւ նոյեմբերի 1-ը, ինչպես նաեւ մանկական զվարճանքի կենտրոնների բացումը»,- հայտարարել է Մեզվրիշվիլին։ Դրանից  բացի, երկրում սեպտեմբերի 10-ից արգելված է հոբելյանների, հարսանիքների, հանդիսությունների եւ այլ արարողությունների անցկացումը։ Հասարակական միջոցառումների անցկացումն արգելվում է ինչպես փակ տարածքում, այնպես էլ փողոցում։ «Այս սոցիալական միջոցառումները վաղվանից արգելվելու են, մենք վերադառնալու ենք նախկինում գոյություն ունեցող սահմանափակումներին՝ նկատի է առնվում հարսանիքների, հոգեհացերի եւ հոբելյանների անցկացման արգելքը։ Այս սահմանափակումն արդեն գործում է փակ տարածքներում, իսկ վաղվանից կտարածվի նաեւ բացօթյա տարածքների վրա»,- ասել է Մեզվրիշվիլին։ Վաղվանից արգելվում են ավելի քան 200 մարդու մասնակցությամբ մշակութային եւ սպորտային միջոցառումները։ Մեզվրիշվիլիի խոսքով՝ այս կանոններին չհետեւելու համար նախատեսված են համապատասխան պատժամիջոցներ, եւ հանրությունը պետք է դրսեւորի բարձր քաղաքացիական պատասխանատվություն։ Խորհուրդ չի տրվում նաեւ դպրոցներում ցերեկույթների եւ տոնական միջոցառումների անցկացումը։ Նրա խոսքով՝ քաղաքացիները պետք է պահպանեն սոցիալական հեռավորություն եւ պաշտպանական դիմակներ կրեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր