«Հայշեն» սուպերթայֆունը, որը երկուշաբթի հարվածել էր Ճապոնիայի արեւելյան առափնյա շրջաններին, հիմա հասել է մինչեւ Կորեա, հայտնում է Associated Press-ը։
Ճապոնիայում տարերքի հետեւանքով անհայտ կորել է 4 մարդ։ Հարավային Կորեայում տարերքի հետեւանքով քամիների արագությունը հասնում է մինչեւ 112 կմ/ժամի։ Ավելի քան 75 հազար շենքեր առանց էլեկտրականության են մնացել։
Ընդ որում՝ Հարավային Կորեայում շուրջ 3100 մարդ տարհանվել է թերակղզու հարավարեւելյան հատվածին թայֆունի հասնելուց հետո, հայտնում է երկրի անվտանգության նախարարությունը։
Զոհվել է առնվազն 2 մարդ, եւս երկուսը համարվում են անհայտ կորած, 5 մարդ վնասվածքներ է ստացել առավելապես երկրի հարավային շրջաններում, որտեղ տարերքը ջրհեղեներ է առաջացրել։
Yonhap գործակալությունը նշում է, որ փակ են երկու միջուկային ռեակտորներ, որոնք տեղակայված են երկրի մայրաքաղաք Սեուլից գրեթե 375 կմ հարավ-արեւելք։
Չեղարկվել են ամբողջ երկրում ավելի քան 340 ավիաչվերթներ եւ 114 նավագնացային երթուղիներ, շուրջ 6 հազար դպրոցներ անցել են հեռավար ուսուցման կամ դասերի դադարեցման։
Սակայն երբ տարերքն ուղղվել է դեպի Հյուսիսային Կորեա, եղանակային վտանգավորության մակարդակը մի փոքր նվազել է։