Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Հայաստանի ԱԳ նախարարության՝ Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների շուրջ հայտարարությանը, տեղեկացնում է Ազատությունը:
Թուրքիայի արտաքին գերատեսչության խոսնակ Համի Աքսոյը հայտարարել է, թե «Հայաստանը կարծես իր աշխարհագրական դիրքի մասին թյուր պատկերացում ունի. խոսքը ոչ թե Սևանա լճի, այլ Արևելյան Միջերկրականի մասին է»: Հիշեցնելով Սևրի պայմանագրի 100-ամյակի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների վերջին հայտարարությունը՝ Աքսոյը ընդգծել է, որ «Հայաստանը հիմա էլ Արևելյան Միջերկրականի մասին կարծիք հայտնելով չափն անցնում է, անպատասխանատու կեցվածք է դրսևորում»:
«ԱՄԷ-ից ու Ֆրանսիայից հետո ծով ելք չունեցող Հայաստանն է իրեն իրավունք վերապահում տարածաշրջանում խոսք ասելու: Սա ցույց է տալիս, թե Թուրքիայի դեմ ձևավորվող նենգ դաշինքը ինչ մասշտաբներ ունի», – ասել է Աքսոյը։
Նա շեշտել է, որ Թուրքիան շարունակելու է վճռականորեն պաշտպանել իր և Կիպրոսի թուրքերի իրավունքները Արևելյան Միջերկրականում և ոչ մի դաշինքի ի զորու չէ խանգարել դրան: Թուրքիայի ԱԳՆ խոսնակի համոզմամբ, «հակառակ կարծիք ունեցողները պատմությունից դասեր չեն քաղել»։
Համի Աքսոյը առիթը բաց չի թողել հերթական անգամ հիշեցնելու՝ «մեր ողջ կարողությամբ կանգնած ենք եղբայրական Ադրբեջանի կողքին»:
Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում նշվել է, որ «Արևելյան Միջերկրականում ապակայունացնող կեցվածքն ի ցույց է դնում Թուրքիայի՝ իր հարևան տարածաշրջաններում հետևողականորեն վարվող ագրեսիվ և ծավալապաշտական քաղաքականությունը»:
«Մենք վերահաստատում ենք Հայաստանի անվերապահ աջակցությունն ու համերաշխությունը Հունաստանին և Կիպրոսին և կոչ ենք անում Թուրքիային քայլեր ձեռնարկելու լարվածության նվազեցման ուղղությամբ, հարգելու միջազգային իրավունքը և դադարեցնելու Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտիներում բոլոր գործողությունները», – նշված էր հայտարարությունում: