Հանդիպման ամբողջ ընթացքին ներկա եմ եղել և առնվազն ինձ համար սպասելի է էր այդ որոշումը, պատճառների մասին արդեն նախկին թեկնածուն հայտարարել է, չեմ կարծում, որ ավելացնելու բան կա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի՝ թեկնածությունից հրաժարվելը սպասելի՞ էր, թե՞ ոչ։
Տիգրան Ուլիխանյանը մասնակցել է հուլիսի 30-ին խմբակցության՝ Վահրամ Ավետիսյանի հետ ունեցած հանդիպմանը, սակայն որևէ հարց չի ուղղել նրան, որպեսզի չկրկնվի։
«Իմ հարց չտալը պայմանավորված էր նրանով, որ խմբակցությունում եղել են պատգամավորներ, որոնք տվել են այն հարցերը, որոնց պատասխանները ես կուզեի ստանալ»,- նկատեց նա։
Իշխող ուժի պատգամավորը նպատակահարմար չհամարեց անձամբ իր տեսակետը հայտնել Վահրամ Ավետիսյանի վերաբերյալ, որովհետև, իր պնդմամբ՝ դրանով կարող է բացահայտել այլոց տեսակետը։
«Պարոն Ավետիսյանին հետագա աշխատանքային գործունեության մեջ մաղթում եմ հաջողություններ։ Վստահ եմ, որ ցանկության դեպքում ինքը դեռ կարող է իր նպաստը բերել ՀՀ-ին, թեկուզ այլ որորտում աշխատելով»,- եզրափակեց Տիգրան Ուլիխանյանը։
Հիշեցնենք, որ ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանն այսօր՝ օգոստոսի 17-ին, հայտնել է, որ Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին» իր համաձայնությունը հետ կանչելու մասին դիմումը։ Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը առաջադրել էր հուլիսի 23-ին։ Սակայն, ըստ մամուլի հրապարակումների՝ իշխող ուժում նրա թեկնածությունը միանշանակ չէր ընդունվել։ Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը միանշանակ չէր ընդունվել նաև մի շարք իրավապաշտպանների, փաստաբանների, և 2008 թվականի մարտիմեկյան արյունալի իրադարձություններից հետո ազատազրկված մարդկանց կողմից։ Նրանք դիմել էին Կառավարությանը՝ հորդորելով հետ կանչել Վահրամ Ավետիսյանի առաջադրումը որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու։ Որպես պատճառ էր ներկայացվում այն, որ Վահրամ Ավետիսյանի հայրը՝ Դավիթ Ավետիսյանը 2008-ից 2016 թվականներին պաշտոնավարել է որպես Վճռաբեկ դատարանի Քրեական պալատի նախագահ, քննել նաև «Մարտի 1»-ին առնչվող գործեր և հետագայում հնարավոր է շահերի բախում առաջանա։