00:00:00

Հրահանգն իջեցվել է Կրեմլից, վերահաստատվել Նիկոլ Փաշինյանի ձեռամբ. Վ. Ավետիսյանը՝ մեղադրական ճառի մասին

01:55, 14 օգոստոս 2020 Քաղաքականություն

Irakanum.am֊ի զրուցակիցն է Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող, Սասնա Ծռեր խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը

-Պարոն Ավետիսյան, սպասու՞մ էիք, որ մեղադրող դատախազը Սասնա Ծռերի գործով նման պատժաչափեր կառաջարկեր: Սա բնորո՞շ է հետհեղափոխական Հայաստանին։

֊Հեղափոխությունն սկսվել է, բայց հենց մեկնարկի փուլում այն կասեցրել է Նիկոլ Փաշինյանը: 2018-ին վարչապետ դառնալուց հետո նա վերածվել է կեղեքիչ կիսագաղութային համակարգի պահապանի՝ դառնալով կրեմլահպատակ հերթական ադմինիստրատորը: Այդ պատճառով, միանգամայն օրինաչափ էր նման մոտեցումը ապստամբությանն ու ապստամբներին: -Ձեր գնահատմամբ իշխանությունները, անձամբ Նիկոլ Փաշինյանը, տեղյա՞կ են, թե դատախազությունն այս հարցում ինքնուրույն է գործել: ֊Պետական կառավարման համակարգը միանձնյա-խանական է, բացի այդ՝ այն մոսկվակենտրոն կիսագաղութային համակարգի ենթահամակարգ է: Ուստի հրահանգն իջեցվել է կրեմլից և վերահաստատվել է Փաշինյանի ձեռամբ: Դատախազներն ու դատավորները գործիքներ են: -Կարծում եք դատավոր Մակյանը Սասնա Ծռերին ազատազրկման կդատապարտի՞։ ֊Հարցին արդեն պատասխանեցի: Պարզապես՝ ըստ իրավիճակի կարող են լինել տարբերակներ: -Ի՞նչ քայլերի են պատրաստվում դիմել Սասնա Ծռերը, հնարավո՞ր է կրկին զինված ապստամբության դիմեք։ ֊Զինված ապստամբության կարիք չկա: Բայց քաղաքացիական անհնազանդությունը ևս ապստամբություն է: -Առաջիկայում բողոքի գործողություններ նախատեսվու՞մ են։ ֊Առաջիկա օրերի համար հատուկ պլաններ չկան: Սակայն մենք չենք հանդուրժելու պետության և ազգի, ինչպես նաև ապստամբների նկատմամբ կատարվող խեղկատակությունը: Ազգային-ժողովրդավարական բևեռի հռչակագրով նախատեսվում է ձևավորել հակաճգնաժամային անցումային կառավարություն, որն էլ երկիրը դուրս կբերի օրեցօր խորացող համակարգային ճգնաժամից: Այդ ծրագրի իրականացման տրամաբանությամբ և շրջանակներում էլ կգործենք: -Ի՞նչ եք կարծում Սասնա Ծռերի հարցում իշխանություններն ինչու շտապեցին։ Ինչու՞ օրինակ մյուս քրեական գործերով տեղաշարժ չկա։ ֊Կրկնեմ: Որովհետև գաղութային ադմինիստրացիա են: Նախորդ ռեժիմի ոճրագործների և դավաճանների հետ նրանք ընդամենը պայքարում են հանուն իշխանության, իսկ մեզ հետ՝ հանուն համակարգի: Համակարգի մասշտաբի հարցերում նրանք միասին են: Եվ միմյանց հետ լեզու են գտնում: Հատկապես, որ ընդհանուր տեր ունեն, որը թույլ չի տալիս չափն անցնել: -Դուք մի քանի անգամ առիթ եք ունեցել հայտարարելու, որ Նիկոլ Փաշինյանը խաբել է ժողովրդին: Կոնկրետ ո՞ր հարցում է խաբել. այն որ խոստացած բարեփոխումները չի կատարել, թե՞ հեղափոխությունն ինքն էր խաբեություն։ ֊Հեղափոխության կենսական կարիք կար և հիմա էլ կա: Դրա փոխարեն նա հեղափոխության իմիտացիա է անում: Ընդամենը մասամբ փոխվել է ռեժիմը՝ փափկել և թավշացել է: Ի դեպ՝ արդեն արագ տեմպերով վերականգնում է իր բռնապետական մեթոդները: Որովհետև այլ կերպ չի կարող գոյատևել: Իսկ պետականաքանդ ու ցեղասպան համակարգն ամբողջությամբ պահպանված է: Ոչ մի լուրջ պրոբլեմ չի լուծվում և չի կարող լուծվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր