Տնտեսվարողների մոտ ստուգումներ, աջակցություն զբոսաշրջության ոլորտին, բնակարան՝ մանկատան շրջանավարտներին: Կառավարության այսօրվա նիստըի օրակարգը բավականին հագեցած էր: Չնայած այն հանգամանքին, որ գործադիրը երեկ արտահերթ նիստ էր հրավիրել, որի ժամանակ հիշեցնենք՝ արտակարգ դրությունը մեկ ամսով եւս երկարաձգվեց, իսկ նիստին ծավալուն անդրադարձ կատարվեց կորոնաիրավիճակին եւ համահամաճարակային կանոնների պահպանմանը, հերթական նիստին թեման շրջանցել հնարավոր չեղավ: Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը հայտնեց՝ հակահամաճարակային կանոնների պահպանումը բարելավվել է գրեթե բոլոր ոլորտներում ու բոլոր տնտեսվարողների մոտ:
Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում Հայաստանի Հանրապետության տնտեսվարողների շրջանում առաջացած դժվարությունների հետևանքով ստեղծված իրավիճակում գործունեության շարունակականությանը և աշխատատեղերի պահպանմանը:
Միջոցառման շահառու են մինչև 2020 թվականի մարտի 31-ը ստեղծված և ոչ պակաս, քան 3 աշխատակից ունեցող հետևյալ ոլորտի ներկայացուցիչները.
- Կացության կազմակերպում՝ ներառյալ առողջարանները
- Հանրային սննդի կազմակերպում
- Զբոսաշրջային գործակալությունների և օպերատորների գործունեություն, տեղերի ամրագրում և զբոսաշրջային ոլորտի այլ ծառայություններ: