Դուք հոգ եք տանելու Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի համար, որն ունի հարյուր տարվա պատմություն, հոգ եք տանելու մի համալսարանի համար, որի 8 հազար շրջանավարտ այսօր աշխատում է աշխարհի 40 երկրներում, բուհի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ բուհում երբևէ այնքան շատ արտասահմանցի ուսանողներ չեն սովորել, որքան այժմ՝ շուրջ 1820 մարդ:
«Մենք պլանավորում ենք այդ թիվը հասցնել 2 հազարի՝ 32 երկրներից ուսանողների հաշվին», - ասաց Արման Մուրադյանը:
Կրկին դիմելով հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ ԵՊԲՀ ռեկտորը շեշտեց՝ նրանք պետք է հոգ տանեն մի համալսարանի մասին, որը մարտ ամսից սկսած, օր է եղել՝ ունեցել է ընդամենը մեկ օրվա թթվածնի պաշար, սակայն պատվով կատարել է իր աշխատանքը:
Համալսարանի խնդիրների թվում ռեկտորն առանձնացրեց լոգիստիկ բնույթի հարցերը՝ մասնավորապես կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված օդային փակ սահմանները և արտասահմանցի ուսանողների՝ սեպտեմբերի 1-ից բուհում ուսանելու անհնարինությունը:
Նրա խոսքով՝ այս հարցն այժմ փորձ է արվում կարգավորել:
Ելույթի ավարտին ԵՊԲՀ ռեկտորն ընդգծեց, որ իրենց գործունեության մեջ լինելու են մաքսիմալ թափանցիկ և մաքսիմալ հասանելի: