Ներկայացնելով «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի աշխատանքը՝ Ջորջ Բարսեղյանն ասել է, որ ստեղծման օրվանից՝ 2012 թվականից, կենտրոնի գործունեությունն ուղղված է Հայաստանում հաստատված սիրիահայությանն օժանդակելուն, նրանց խնդիրների համակարգման ու աջակցության կազմակերպմանը: Նշելով, որ կենտրոնն այսօր իր գործունեությունը ծավալում է Հայկական բարեգործական ընդհանուր միության հովանու ներքո, Ջորջ Բարսեղյանն ասել է, որ անցած 18 տարիների ընթացքում համագործակցել են պետական կառույցների, մարդասիրական ու բարեսիրական կազմակերպությունների հետ և այսօր իրենց պարտքն են համարում շնորհակալություն հայտնել բոլոր այդ կազմակերպություններին ու կառույցներին:
Երախտագիտություն հայտնելով սիրիական ճգնաժամի հետևանքով Հայաստանում հաստատված սիրիահայության և նրանց խնդիրների նկատմամբ Հանրապետության նախագահին և նախագահական ինստիտուտին՝ ուշադրության ու աջակցության համար, կենտրոնի կողմից նախագահ Սարգսյանին են հանձնվել շնորհակալագիր և հուշանվեր. «Նախագահը, նախագահական համակարգը մշտապես հնարավորինս աջակցել են սիրիահայերին»,-նշել են կենտրոնի ներկայացուցիչները:
Շնորհակալություն հայտնելով ուշադրության համար՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է, որ այդ ամենը համարում է վերաբերմունք ոչ միայն իր՝ որպես անհատի, այլև նախագահական ինստիտուտի, կառավարության, ընդհանրապես, պետական բոլոր մարմինների և Հայաստանի ժողովրդի հանդեպ:
Նշելով, որ հայրենադարձությունը և՛ բաղձալի, և՛ ուրախալի, բայց հաճախ նաև ցավալի պատմական, քաղաքական, ռազմական իրադարձությունների արդյունք է՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Նույնիսկ Առաջին հանրապետության կարճ պատմության ընթացքում եղավ հայրենադարձություն մի շարք երկրներից՝ հայրենադարձություն հայ մտավորականության, որոնք հայրենիք վերադարձան, որպեսզի պետություն կառուցեն։ Հայրենադարձություն եղավ նաև Խորհրդային Հայաստանի առաջին տարիներին։ Եվ, իհարկե, ամենամեծ հայրենադարձությունը 1946 թվականից հետո էր, որը արդյունք էր նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի՝ արհավիրքի»: